… Զարմանքո՛վ գուցե նայես դու իմ այս
Գրքի էջերին՝ թե անշուք թե՛ պարզ,
Հեգնանքով գուցե ժպտաս ու ասես
Թե պոետը մեր այս ո՞ւր է հասել…
Չարենց 1929 թ.

* * *
Տե՜ր իմ, 
սիրո այս խաչին,
ինչո՞ւ ես գամել,
ժանգոտ մեխերը սիրտս մխրճել…
մի՞թե քիչ էր քեզ, կորուստը մեկի,
չէ ո՞ր որդիդ եմ՝ ճոռը Ադամի…

Գուցե որդի՛դ չեմ…
պե՛տք է ապրեմ խուլ ու կույր,
պե՛տք է լինեմ մի ճիչ արդար,
ազնիվ ասպե՛տ, միշտ անհույս,
պետք է ծամեմ քրտի՛նք, արցո՛ւնք, հույսի ցա՛վ,
պե՛տք է լսեմ քահանայիդ սուտասան,
պե՛տք է լինեմ խաչի վրա, մեկուսի,
ու կրկնեմ տանջանքները Հիսուսի…

Սիրո զգեստը հանել ես իմ վրայից,
աչքերիցս աղ է կաթում վերքերիս,
ես որդի՛դ եմ, մի քիչ խելա՛ռ մի քիչ խե՛նթ,
ու չեմ ուզում խաչի վրա մնամ մերկ:
ինձ իջեցրո՛ւ թող որ հոգիս տաքանա,
կամ էլ թույլ տուր, որ նա ինձ մոտ բարձրանա:

Տե՜ր իմ,
Դու ի՞նչ ես տվել ինձ կյանքում,
ծնո՞ղ,
մանկությո՞ւն,
զուր տանջանքներից մորթվելու դանա՞կ, 
եվ դրա դիմաց 
առաջարկում ես 
ընդամենը հո՛ղ,
սիրուս համար էլ 
պահանջում ես հարկ…

Տե՜ր իմ, 
միգուցե վառե՞ս, մոխրանամ,
մոխիրս լցնե՛ս բալենու քոքին,
միգուցե մյուս զարթոնքին գարնան,
սիրո այլ շնչով ծաղկի բալենին…

Միգուցե երկրորդ գալո՛ւստը տոնեն ,
ադամորդիքը բալենու սրտով,
միգուցե փոխվի աշխարհը մեկեն,
սիրտը աշխարհի բլթբլթա սիրով…

Այս խաչի վրա, ինձ հետ միասին
ցավե՛րս են խաչվում,
կեղծ բարեպաշտները արյո՛ւնս են խմում,
ուղե՛ղս են լափում,
գրող համարվող 
որդերը ամբոխ…
Տե՜ր իմ, 
չե՞ս տեսնում…

Տե՜ր իմ,
միգուցե ես չեմ հասկանում,
նոր Բա՞ն ես ուզում դնել այդ խաչին,
ես պատահական զոհն եմ առաջին՝
մի նոր Գաղափա՛ր կամ մի նոր Ուսմունք,
որ պետք է հետո համբառնի երկինք,
ու դառնա մի նոր
սրբազան Մասունք:
մի Նոր Գի՛րք գրվի 
Նո՛ր Աստվածաշունչ,
Նո՛ր Առաքյալներ
մի Նո՛ր Արարում…

Եթե այդպես է, կմնամ խաչին,
թող որ արարվեն Նոր Առաքյալներ, 
ոչ թե տասներկու այլ՝քառսուն-քառսուն,
ու ոչ թե՛ կյանքում հերոսը հաղթվի գինուց, 
կնոջից…
այլ միայն, միայն
Սիրո՛ւց առաջին…

Տե՜ր իմ, 
Թույլ կտա՞ս,
(Դո՛ւ ես թողնողը)
Որ այդ Նոր Գրքի առաջին տողը,
Քավության այծի իմ իրավունքով,
Գրվի իմ ձեռքով…

Ս.Ումառ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել