Անկախ նրանից, ճիշտ են, թե ոչ «Առավոտ» օրաթերթի տեղեկություններն այն մասին, իբրև պաշտոնական Երևանը առաջարկել է Անկակարային, որ «Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը եւ ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջեւ», այս գաղափարը օդում կա և, ըստ էության, այսպես կոչված, «միջազգային հանրության» կողմից ամենաշրջանառվող գաղափարն է։ Տարօրինակ է թվում, որ ներողամտության հայցում է սպասվում մի երկրից, որը հայոց Ցեղասպանությունից հետո իր տարածքում և իր քաղաքացիների նկատմամբ ողջ 20-րդ հարյուրամյակի ընթացքում կրկնել է ցեղասպանական կամ դրա նախապատրաստական գործողություններ (անվանափոխումներ, կրոնական ուծացում, Դերսիմի հայ և ալևի բնակչության ջարդեր՝ 1937-38, սելեկտիվ ունևորության հարկ քրիստոնյաներից և հրեաներից, սելեկտիվ զինվորագրում Երկրորդ աշխարհամարտի սկզբին, Ստամբուլի հույների և հայերի ջարդեր, Դերսիմի ողջ լեռնային բնակչության բռնի տարհանում իրենց բնակավայերից և մինչև այսօր ժանդարմերիայի վերահսկողություն այդ ավերված բնակավայրերի վրա և այլն): Ակնհայտ է, որ այս երկրի իշխանությունները իր քաղաքացիների՝ հատկապես ժամանակի ընթացքում փոքրամասնություններ դարձած խմբերի հետ խնդիրներ լուծելու մի հիմնական և փորձված տարբերակ ունի՝ ջարդ, զանգվածային սպանություններ, տարհանում, դիֆուզում, վախի սինդրոմի պարտադրանք... Դավութօղլուն այն արտգործնախարարն է, ով թուրքական իմաստով լավագույնս է իրականացնում այս, ըստ էության, պետական հանցագործությունների շղթան արտաքին աշխարհին՝ սենտիմենտալ հիշողություններ պատմելով «Օսմանյան կայսրության երանելի հանդուրժողականության», բարի թուրքերի, առաջին աշխարհամարտում թուրքական, թուրքերի ցավի և այլն մասին՝ հրավիրելով հասկանալ նաև թուրքական ցավը: Չգիտես՝ ինչո՞ւ, այդ ցավը հասկացող թուրքական իշխանությունները երբեք չուզեցին հասկանալ ոչ միայն հայերի ցավը, այլև շարունակեցին ցավ պատճառել այլևայլ ժողովուրդների՝ միշտ վախի մեջ պահելով նրանց: Վերջ ի վերջո, ի՞նչ է նշանակում «ապաշխարել» թուրքական ընկալմամբ, թուրքական պրեզիդենտի մակարդակով ներողությո՞ւն խնդրել: Ումի՞ց: Ի՞նչ արժի այդ ներողությունը խոշտանգված, տառապած, սպանված, այրված, լլկված մարդկանց սերունդների համար, իրենց հայրենիքը կորցրած մարդկանց սերունդների համար, եթե չի ուղեկցվում պատիժով: Բարոյական և իրավական պատիժով: Տառապանքով: Թուրքական իշխանությունների «ներողությունը» միայն իր հանցագործությունները շարունակելու քաղաքական շղարշ է: Ցանկացած ոճիր պիտի պատժվի, և պատիժը պիտի համարժեք լինի ոճիրի չափին: Ինքնամաքրումը պատիժի միջոցով է տեղի ունենում: Կուշտ կերած կատվի նման իր հերթական զոհին սպասող կամ հերթական ոճիրը նախապատրաստող դավութօղլուների «ճանաչումներն» ու «ներողությունները» շատ ավելի վտանգավոր են, եթե նրանք իրենց հասարակություններին իրական ճշմարտությունը չեն ներկայացնում և պատժի միջոցով չեն ինքնամաքրվում: Իրական պատժի: Նյութական, իրավական, հոգեկան, քաղաքական...պատիժների: Մինչդեռ հայոց Ցեղասպանության հարցում, օրինակ, Հայաստանի շրջափակման գործողությունը նույն ցեղասպանական գործողությունները շարունակելու միտումների դրսևորումն է: Թուրքական իշխանությունների ցեղասպանական գործողությունների համար պատիժը կրում են ներկայիս հայաստանցիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել