Ադրբեջանը վերջին շրջանում հետևողականորեն շրջանառում է Հայաստանի կողմից «Ադրբեջանին հասցրած 300 մլրդ դրամ կորստի հարցը»` դա ներկայացնելով որպես պատերազմի հետևանք:
Նկատելի է, որ բանակցությունների տարբեր փուլերում, Ադրբեջանը ձեռնարկում է քայլեր, որոնք ոչ միայն բանակցային գործընթացի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այլև նպատակ ունեն շեղել գործընթացն իր բուն էությունից:

Բացի այն, որ Ադրբեջանը փորձում է իր «արհեստական բարձրաձայնումներով» քարոզչական խնդիրներ լուծել` ցույց տալով, թե ակտիվորեն զբաղված է կոնֆլիկտի հետ «առնչվող խնդիրների» վերհանմամբ, վերջինս միաժամանակ իր առջև խնդիր է դրել` միջազգային հանրության ուշադրությունը շեղել բուն հակամարտության պատճառներից:

Այն մասին, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով ոչ միայն անմիջապես կոնֆլիկտի գոտում, այլև Ադրբեջանի տարբեր քաղաքներում մեծ թվով հայեր սպանվեցին, վիրավորվեցին ու տեղահանվեցին, Ադրբեջանում լռում են ու դա որպես խնդիր չեն դիտարկում: Ադրբեջանցի պաշտոնյաներին նաև չի հետաքրքրում, թե ինչից է սկզիբ առել պատերազմը, ինչ իրադարձություններ նախորդեցին այդ ռազմական գործողություններին և, ի վերջո, հանուն ինչի էին պայքարում արցախցիները: 

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Վիեննայում, և ԱԳ նախարարների` Կիևում կայացած հանդիպումներից հետո, պրոցեսի շարունակականության առնչությամբ բավականին դրական գնահատականներ հնչեցին, այդ թվում` Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, սակայն ինչպես երևում է, Ադրբեջանում ընդգծված հետևողականություն են դրսևորում` ստեղծված դրական մթնոլորտը իսպառ փչացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել