Հայաստանի ու Եվրամիության միջև Բրյուսելում կայացած Համագործակցության խորհրդի նիստին հետևած մամուլի ասուլիսում, ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է՝ «ՀՀ-ն և ԵՄ-ն վճռականորեն են տրամադրված սերտ համագործակցության շարունակման և մինչ այժմ ձեռքբերված արդյունքների հիման վրա հարաբերությունների զարգացման համար»։

Դրան զուգահեռ, Բրյուսելում ընթացել է նաև Ադրբեջան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստը, որի ավարտից հետո, Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե «ԵՄ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ բոլոր մակարդակներում համագործակցություն ծավալել, սակայն պաշտոնական Բաքուն պետք է հարգի իր քաղաքացիների հիմնարար իրավունքն ու անհրաժեշտ շտկումներ մտցնի իր ընտրական օրենսդրությունում»:
Մինչ այս երկու հանդիպումներին ու դրանց տարբերությունններին անդրադառնալը` պետք է նշել, որ Բրյուսելը Վիլնյուսից հետո փորձում է Արևելյան գործընկերության երկրների հետ ճշգրտել հետագա համագործակցության դետալները, ընդ որում՝ Բրյուսելում հասկացել են, որ անհրաժեշտ է 6 երկրներին անհատական մոտեցում ցուցաբերել:

Բրյուսելն ամեն ինչ անում է` Մոլդովայի ու Վրաստանի հետ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար, պայքարում Ուկրաինայի համար, իսկ Հայաստանի, Բելառուսի ու Ադրբեջանի հարցում փորձում է նոր մոտեցումներ առաջ քաշել: Իհարկե, Բելառուսի հետ համագործակցությունը ամենից պասիվն է, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցության հարցում շահագրգռվածությունն առավել ընդգծված է, ինչը պարզ է դառնում հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցության խորհրդի նիստին հետևած ասուլիսում Շ. Ֆյուլեի հնչած հայտարարություններից:
Համեմատելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ տարվող երկխոսությունն ու համագործակցության խորհրդի նիստերից հետո հնչած հայտարարությունները` ակնհայտ է դառնում, որ եթե Հայաստանի հարցում շեշտը դրվում է բարեփոխումների շարունակման ու այդ հարցում ԵՄ-ի աջակցության վրա, ապա Ադրբեջանի դեպքում կոչ է արվում հարգել ստանձնած միջազգային պարտավորություններն ու քայլեր կատարել ԶԼՄ-ի ազատության, քաղաքացիների հավաքների ու միավորման իրավունքի իրացման բարելավման հարցում:
Որպես ծայրահեղ կարևոր քայլ ԵՄ հորդորում է Ադրբեջանին՝ փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրությունում՝ հետևելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականներին:

Հայաստանի առումով մեկ մտահոգիչ միտք կար, որի մասին մի քանի նկատառումներ կարելի է անել: Ֆյուլեն կոչ է արել Երևանին՝ ապահովել քաղաքացիական հասարակության ազատությունները, ինչպես նաև` թույլ չտալ ճնշումներ իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ։ Թե հատկապես ճնշման որ դրսևորումների մասին է նշել Ֆյուլեն՝ մի փոքր պարզ չէ:

Չի բացառվում, որ այս հայտարարությամբ, Ֆյուլեն փորձել է կանխարգելել այն հնարավոր խնդիրները, որը կարող են առաջանալ, մանավանդ, երբ ԵՄ-ն հասկացնել է տվել, որ պատրաստվում է աշխատել «քաղաքացիական հասարակության հետ», ինչը ենթադրում է այդ ոլորտին ուղղված դրամաշնորհների մեծ հոսք՝ դեպի Հայաստան: Դրա արդյունքում, ոչ կառավարական կազմակերպությունները կտրուկ կակտիվանան, ինչը ըստ ԵՄ-ի` ճնշումների ռիսկ առաջ կբերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել