Կրկին ձյունն «անսպասելի» եկավ ու «անսպասելի» չափերի հասավ թե՛ մայրաքաղաքի և թե՛ հանրապետության ու միջպետական նշանակության ճանապարհներում: 
Իսկ ՃՇՇ-ները սկսեցին արդարանալ, որ իրենց աշխատանքը ամբողջովին ու լիարժեք թափով միտված է ճանապարհների մաքրման աշխատանքներին` չնայած նրան, որ իրենք վնասով են աշխատում: Ու չգիտես` ինչու, այդ վնասով աշխատելու մասին իրենք միշտ տեղեկացնում են ճանապարհների սպասարկման ձմեռային շրջանում, իսկ ահա ամռանը, երբ ճանապարհաշինությունը, կամ վերանորոգման աշխատանքները կատարվում է ասֆալտապատման տեսքով, այդ ժամանակ վնասներ գրեթե չկան, ավելին՝ շահույթի մասին ոչ մեկ ոչինչ չի ասում: Մեր մեջ ասած, չենք էլ ուզում իմանալ: Բնակչությանը, անհատին հետաքրքրում է պարզ մի քանի հարց՝ եթե ինքը դուրս եկավ տանից՝ ե՞րբ կհասնի իր ուզած տեղը, ե՞րբ կվերադառնա տուն, իսկ արդյո՞ք կվերադառնա… դրա մասին չենք խոսում, սակայն ռիսկն, այնուամենայնիվ, կա: 

Անընդհատ խոսվում է պատասխանատու կազմակերպությունների հաշվետվության մասին, ու այն մասին, թե ինչքան հզոր էր բնությունը ու անողոք, որ չկարողացան իրենց տասնյակ տոննաների հասնող աղով ու ավազով ամբողջովին պատշաճ մակարդակի բերել իրենց սպասարկած ճանապարհը: 
Իսկ ի՞նչ օգուտ դրանից վարորդին, ուղևորին, որի կարգավիճակում հայտնվում են եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը: 

Ի վերջո, մի քիչ ծիծաղելի է 21-րդ դարում խոսել տեխնիկական հագեցվածության վերաբերյալ խնդիրների մասին: Քանի որ եթե որպես սպասարկող ընկերություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքած պայմանագիրն էլ հենց այնպես չի լինում, պետք է նաև չափանիշներին համապատասխանի՝ տեխնիկա, աշխատուժ, նոր մեթոդաբանություն աշխատանքների կազմակերպման տեսանկյունից և այլն, և այլն: 
Ինչ խոսք, դրական կողմեր էլ են նշմարվում ձնամաքրման աշխատանքների ժամանակ: Այն է՝ եթե ուզում են ցույց տալ, որ իրոք կարողանում են աշխատել, դա հստակ երևում է ու արժանանում է դրական գնահատականի մեծամասնության կողմից: 
Այստեղ մի կարևոր նկատառում կա` ԿԱՄՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել