Քաղաքական մեկնաբան

ԵԱՀԿ 20-րդ Նախարարարական համաժողովի ընթացքում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, իր ելույթում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ընդգծեց, որ «կառուցողական մոտեցումն անհրաժեշտ է ոչ միայն կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, այլ նաև համանախագահների կողմից առաջարկված և Հայաստանի կողմից սատարված վստահության ամրապնդման միջոցների իրականացման համար, ինչպիսիք են՝ հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների դուրս բերումը և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը»:
Նոյեմբերի 19-ին, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայանալիք հանդիպումից առաջ, առանցքային ինտրիգներից մեկն այն էր, թե առաջիկայում կայանալիք բանակցություններն ինչ փաստաթղթի շուրջ էին ընթանալու: Նախագահների հանդիպումն ու դրան հետևած հայտարարությունները ցույց տվեցին, որ նախագահները պայմանավորվել են բանակցությունները շարունակել բանակցությունների սեղանին եղած փաստաթղթի հիման վրա: Այն փաստաթղթի, որն ի դեպ, 2011 թվականին Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի կողմից մերժվել էր:

Սակայն համանախագահների կողմից առաջարկված մեկ այլ առաջարկի՝ վստահության ամրապնդման միջոցների հարցը, նոյեմբերի 19-ից հետո մնում էր մշուշոտ:
Նալբանդյանն իր հայտարարությամբ, առավել հստակեցրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ բանակցությունների օրակարգ վերադարձնելով դիպուկահարների դուրս բերման ու շփման գծում տեղի ունեցող հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմներ ներդնելու գաղափարը:
Դժվար է ենթադրել, որ առաջնագծում ժամանակ առ ժամանակ արձանագրվող սրացումների պայմաններում, հնարավոր է լինի կողմերի միջև վստահություն հաստատել: Այս իրավիճակում, համանախագահների առաջարկը՝ վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ, միանգամայն տրամաբանական է:

Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ավելի վաղ մերժել էր այս առաջարկը՝ համարելով, որ սահմանագծին լարվածության թուլացումը բերելու է ստատուս քվոյի ամրապնդմանը, ինչը չի բխում պաշտոնական Բաքվի շահերից: Սակայն հայկական կողմը շարունակում է պնդել այս առաջարկի անհրաժեշտությունը՝ համարելով, որ առանց այդ առաջարկի դրույթների երկուստեք ընդունման ու իրականացման, անհնար է կողմերի միջև վստահության մթնոլորտ ապահովել, ինչը կապահովի բանակցություններ արդյունավետ ընթացքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել