Սովետի օրոք հավասար աղքատութուն էր, բայց սով չկար: Եվ հավասար աղքատության ֆոնին կային մեկ տոկոսից էլ քիչ կուսակցական ու պետական շեֆեր, ովքեր համեմատաբար ավելի լավ էին ապրում, բայց առանց բենթլի ու օֆշորի:

Այդ  տարբերությունը բավարար էր սովետից բողոքելու համար, բայց անբավարար էր սոցիալական շերտավորման համար: Եվ այդ աղքատությունը մի կարևորագույն տարբերություն էլ ուներ ներկա աղքատության համեմատ` մարդիկ պարտք չունեին: Եղածը մանր-մունր գումարներ էին, որոնք փակվում էին աշխատավարձի օրը:  

Սովետի քանդվելուց քիչ  անց, առաջին պլան մղվեց պարտք վերցնելու մարմաջը` վերցնեմ, գնամ առնեմ-բերեմ ծախեմ-դառնամ հարուստ:

Եվ պարտքի հոգեբանության  հիմնական խթանն էլ առաջին նախագահի հորդորն էր՝ թե փող չունես, հարևանից պարտք արա, յոլա գնա: Պարտքով յոլա գնալը շատ շուտով վերածվեց  իրար հոշոտելու մշակույթի, որովհետև պարտքը ետ տալու ոչ մի հնար չկար: 

Երկիրն էլ հետևեց իր մարդկանց՝ սկսեց պարտքով ապրել՝ արտադրելու փոխարեն: 

Այսօր էլ բան չի փոխվել. ամեն դեբիլ խոսում է ներդրումների մասին` մոռանալով (չիմանալով),  որ փողը չի ստեղծողը, աշխատող մարդն է: Երկիրն էլ, հետևելով իր մարդու տգիտությանը, իր հարցերը սկսեց լուծել պարտք վերցնելով` չհոգալով վաղվա սև օրվա մասին:

Պարտքն է, որով ներկա  զարգացած երկրները որպես ստրուկ են պահում երրորդ երկրներին: Պարտքն է, որով բանկը անտուն ու կախյալ է պահում զարգացած երկրների մարդուն:

Մենք մտանք պարտքերի մեջ որպես անհատներ, որպես հանրություն ու պետություն` չհասկանալով պարտքի ուժն ու հետևանքները: 

Պարտքի վերջը սնանկացումն է, անվճարունակությունն է, ունեցվածքի կորուստն ու մնացորդների վաճառքը աճուրդում: 

Մենք անցել ենք առաջին փուլերով, մնացել է ռուսներին առաջարկվող տարածքի ֆորմալ աճուրդը թուրքերին: 

Եվ սրա մեղքը հայ տգետ քաղաքական այրերինն ու տգետ տնտեսագետներինն է, ովքեր նույնիկ 22 տարում չհասկացան փողի ու աշխատանքի հարաբերակցությունն ու դրա դերը երկիր կառուցելու հարցում: Չհասկացան, որ երկիրը փոքր, մտածված, խորապես մասնագիտական ներուժով իրացվող աշխատանքային ծրագրերով միայն կարող է կուտակել անհրաժետ պոտենցիալները՝ առաջ գնալու, արտադրելու ու արտահանելու համար:

Որ փողն այդ գործում երրորդական-չորրորդականն է: Եվ դրա ապացույցը Չինաստանն է, ներկա տնտեսական թռիչքի մեջ եղած բոլոր տնտեսությունները:

Մեր գիտելիքներին ու որակին համարժեք ավարտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել