NewsBook-ը գրել էր, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանը չունի Փակ շուկան քանդելու օրինական իրավունք: Այսօր դատարանում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հերմինե Միքայելյանը հաստատեց դա և նշեց, որ շինարարության թույլտվության թղթում բացակայում է, թե Սամվել Ալեքսանյանն ինչը քանդելու կամ կառուցապատելու իրավունք ունի: Սակայն այդ փաստաթղթով Ալեքսանյանը փոփոխություններ է կատարել Փակ շուկայի տարածքում, որի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը դիմում է ներկայացրել ոստիկանությանը` պահանջելով, որ Փակ շուկան կառուցապատողի ու շուկայի տարածքում շինարարության թույլտվություն տվողի դեմ քրեական գործ հարուցվի: Հետաքննիչ Օրդակյանը մերժել է այն` նշելով, որ Փակ շուկայում շինարարական աշխատանքներն իրականացվել են ըստ ՀՀ օրենքի և դրանցում չկա պատմական հուշարձաններ ոչնչացնելու հանցակազմ: Փոստանջյանն էլ բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի քննության առարկան հետաքննիչի կայացրած որոշման իրավացի լինել- չլինելու հանգամանքն է: Այսօրվա նիստի ժամանակ պատասխանող կողմը՝ հանձինս դատախազի և հետաքննիչ Օրդակյանի, ևս մեկ անգամ հաստատված համարեցին այն հանգամանքը, որ Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայում միայն իրականացրել է կառույցի ամրապնդման աշխատանքներ, իսկ դրա վերգետնյա կամարները անզգուշության արդյունքում են վնասվել: Բացի դա` նրանք պնդեցին, որ Երևանի քաղաքապետարանը օրինական կերպով է տվել շինարարության թույլտվությունը: Հերմինե Միքայելյանն առարկեց պատասխանող կողմի առարկությունները և մի քանի կարևոր հարցեր ուղղեց պատասխանող կողմին, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը հանեց հարցերը, քանի որ դրանք չէին մտնում դատարանում գտնվող գործի քննության շրջանակներում: Մասնավորապես հարցերից մեկը հենց այն էր, թե ըստ հետաքննիչի ի՞նչը քանդելու իրավունք ունի Ալեքսանյանը: Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե ինչպե՞ս է ստացվել, որ շինարարությունն իրականացնելու թույլտվություն ունեցել է մեկ շինարարական կազմակերպություն, սակայն այն իրականացրել է մեկ ուրիշը, և ինչպե՞ս է ստացվել, որ հետաքննիչը դա չի արձանագրել: Բացի դա Միքայելյանն այսօր իր հետ բերել էր նկարներ, որոնցում ակնհայտորեն երևում էր, որ Փակ շուկայի արտաքին տեսքը, չնայած պնդումներին, որ չի փոխել, այնուամենայնիվ, փոխվել է։ Սակայն դատարանը գործի նյութերին չկցեց նաև նկարները` դարձյալ պատճառաբանելով, որ քննությունն արդեն իսկ եղած նյութերի հիման վրա է կատարվում: Միքայելյանը նշեց, հետաքննիչի եզրակացությունն այն մասին, որ Փակ շուկայում շինարարության նորմերը խախտվել են, բայց ոչ դիտավորյալ, իր համար արժանահավատ չէ: Բացի դա նա նշեց, որ հետաքննիչը հարցաքննել է «Պրոֆալ» ՍՊԸ-ի ներկայացուցչին, սակայն գործի նյութերում չկա վերջինիս անձը հաստատող փաստաթուղթը: Դատարանը գործում առկա փաստաթղթերը հրապարակելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը՝ ժամը 09:50-ին:

Արաքս Մամուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել