Աղցան` սմբուկով և լոլիկով


Այս ճաշատեսակը կարելի է օգտագործել ինչպես որպես լցոն մսի հետ, այնպես էլ տաք կամ սառը վիճակում:  

Անհրաժեշտ է. 

Միջին չափի սմբուկ-2-3 հատ  

սոխ-2 հատ  

ձիթայուղ-60 մլ  

քացախ-20 մլ  

մեծ լոլիկ- 3 հատ  

աղացած սև պղպեղ ¼ թ.գ.  

մաղադանոս, համեմ, ռեհան-մի թեյի գդալ

աղըստ ճաշակի 

1. Սմբուկները լվանալ և ոչ մեծ շրջանների կտրատել: Կարելի է այն 10-15 րոպե պահել աղաջրի մեջ. տապակելու ժամանակ սմբուկներն ավելի քիչ յուղ կներծծեն: Սոխը կլորակների կտրատել: 

2. Սկզբից սմբուկները մինչև ոսկեգույն աստիճանի տապակում ենք ձիթայուղի մեջ, իսկ հետո սոխն ենք տապակում:

3. Տապակած բանջարեղենը դնում ենք ափսեի մեջ, ավելացնում ենք շրջանակներով կտրատված լոլիկները, աղը, բիբարը և քացախ ենք ցանում վրայից: Աղցանի վրա պետք չէ ձիթայուղ ավելացնել. այն միայն հարկավոր է բանջարեղենը տապակելու ժամանակ: Ամբողջը զգուշորեն խառնում ենք:

Պատրաստի աղցանի մեջ հարկավոր է ավելացնել մանր կտրատված մաղադանոս, համեմ և ռեհան:

 
Քյուֆթա


Այն փափուկ և ցածր կալորիականություն ունեցող ուտեստ է: Համարվում է հայկական խոհանոցի ամենահին ճաշատեսակներից մեկը: Ի սկզբանե միսը լավ ծեծում էին փայտե մուրճով, մինչև որ այն չվերածներ միատարր զանգվածի, որից գունդ էին պատրաստում և եփում:  


Ժամանակակից տնային տնտեսուհիները այդքան ժամանակ չունեն և միսը մսաղացով 4-5 անգամ աղում են կամ արդեն գնում են քյուֆթայի համար հատուկ պատրաստի միսը: Բայց եթե ցանկանում եք քյուֆթա պատրաստել ավադական եղանակով, ապա դիմեք պապենական միջոցներին:

Անհրաժեշտ է. 

1 կգ անյուղ տավարի կամ հորթի միս  

5-6 բաժակ կաթ  

2 ձու  

2 միջին չափի սոխ 

2 թ.գ. աղ 

2 թ.գ. ալյուր 

50 գ կոնյակ (կարելի է նաև օղի) 

հալած յուղ

Պատրաստում ենք ավանդական բաղադրատոմսով

Շատ կարևոր է, որպեսզի միսը լինի շատ թարմ:

1. Մաքրեք տավարի միսը ջիլերից, դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ և այնքան ծեծեք, որպեսզի միսը վերածվի միատարր զանգվածի: Զանգվածը պետք է շատ հարթ ստացվի: Ծեծելու ընթացքում պետք է աստիճանաբար ջուր ավելացվել, որպեսզի զանգվածը էլաստիկ ստացվի: Ապա աղ արեք և շարունակեք ծեծել, մինչև որ միսը բաց գույնի դառնա:

2. Ստացված զանգվածը դրեք մեծ կաթսայի մեջ և ձեռքով 3-4 րոպե խառնեք

3. Ավելացրեք հում ձվեր, մանր կտրատված սոխ, կաթ, ալյուր և կոնյակ (կամ օղի), խառնեք այդ ամբողջ զանգվածը ձեռքերով այնպես, ինչպես խմորը: Լավ խառնելուց է կախված քյուֆթայի հաջող ստացվելը:

4. Ապա մեծ և խորը կաթսայի մեջ ջուր լցրեք, տաքացրեք ջուրը (չեռացնեք) և աղ ավելացրեք: 

5. Ստացված մսային զանգվածը 4 մասի բաժանեք, ձեռքերը թրջեք սառը ջրով և յուրաքանչյուր մասին գունդի ձև տվեք:

6. Գնդերը դրեք տաք ջրի մեջ, եռացրեք և պարբերաբար վերցրեք վրայի փրփուրը: Եփեք միջին կրակի վրա` 25-30 րոպե: Ստուգելու համար համեք մի գունդը և կտրեք: Եթե միսը միջից կարմիր չէ, ապա քյուֆթան պատրաստ է: Իսկ եթե դեռ պատրաստ չէ, կտրված գունդը զգուշությամբ ետ դրեք կաթսայի մեջ:

7. Պատրաստի գնդերը 2-3 սմ հաստությամբ կտրատեք, վրայից կարագ դրեք: Քյուֆթայի հետ սովորաբար փլավ են մատուցում կամ շիլա: 

 

Ամառային դոլմա


Դոլման հայկական խոհանոցի ամենաավանդական և սիրված ճաշատեսակներից մեկն է: Ձմռանն այն պատրաստում են կաղամբի կամ խաղողի տերևներից, որոնք հավաքում և սառեցնում են ամռանը, իսկ ամռանը և գարնանը դոլման պատրաստում են բանջարեղենի տարբեր տեսակներից: Աշնանն անպայման օգտագործում են սերկևիլ:


Անհրաժեշտ է. 

500 գ տավարի միս

500 գ խոզի միս 

6 միջին չափի լոլիկ

4 միջին չափի սմբուկ 

5-6 միջին չափի բիբար

3-4 խնձոր 

2 սերկևիլ 

2 գլուխ սոխ 

200 գ համեմ

200 գ մաղադանոս

150 գ ռեհան

150 գ տոմատի մածուկ 

1 թեյի գդալ շաքարավազ 

1/2 բաժակ կլոր բրինձ

աղ` ըստ ճաշակի


1. Միսը խառնեք սոխի և կանաչեղենի հետ: Ավելացրեք աղ, բիբար, լվացած բրինձ: Ամեն ինչ լավ խառնեք և կես բաժակ եռացած ջուր լցրեք:

2. Սմբուկների միջից հանեք միջուկը, բիբարի վերին մասը կտրեք, սերմերը զգուշորեն մաքրեք, լոլիկների միջուկը հանեք, խնձորը և սերկևիլը երկու կես արեք և նույնպես հանեք միջուկը:

3. Պարտաստված բանջարեղենների մեջ լցրեք միսը: Բիբարները և լոլիկները ծածկեք նրանց կտրված գլխիկներով:

4. Մեծ կաթսայի մեջ սկզբից դրեք սմբուկները, ապա բիբարները, հետո խնձորները սերլևիլի հետ միասին և վերջում լոլիկները:

5. Տոմատի մածուկը բացեք ջրով, աղ արեք և մի փոքր շաքարավազ ավելացրեք: Լցրեք այն դոլմայի վրա, որպեսզի բանջարեղենը ծածկվի: Վրայից տափակ ափսե դրեք և մի փոքր սեղմեք, այնուհետև ծածկեք կաթսան կափարիչով: Եփեք ցածր կրակի վրա` մոտ մեկ ժամ: Դոլման պատրաստ կլինի, երբ եփվի բրինձը:

 

Քաղցր փլավ


Այսպիսի փլավը հիմնականում պատրաստում են տոների ժամանակ:

Անհրաժեշտ է. 

Երկար բրինձ-300 գ 

չիր-100 գ 

սալոր-100 գ 

չամիչ-100 գ 

ձիթայուղ -150 գ 

բարակ լավաշ-1 հատ 

 
1. Բրինձը կիսաեփ արեք, լվացեք սառը ջրով:

2. Չրերը լվացեք և չորացրեք, թեթևակի տապակեք: Հետո մի փոքր ջուր ավելացրեք և 10-15 րոպե եփեք ցածր կրակի վրա:

3. Խորը կաթսայի մեջ 50 գ յուղ լցրեք, լավաշը մեծ կտորների բաժանեք և դրանցով ծածկեք կաթսայի հատակը: Չրերի կեսը խառնել բրնձի հետ և դրեք լավաշի վրա: Ավելացրեք ևս 50 գ յուղ և փակեք կափարիչը: Եփեք ցածր կրակի վրա` 30 րոպե, մինչև որ բրինձն ամբողջությամբ եփված լինի:

4. Պատրաստի բրինձը չրերի հետ միասին դրեք ափսեի մեջ, կողքից դրեք կարմրացրած լավաշը, իսկ վրայից դրեք մնացած չրերը: 

 

«Նազուկ» թխվածքաբլիթ 


Ի՞նչ տոն առանց թխվածքաբլիթի:

Անհրաժեշտ է. 

Խմորի համար.

1,5 բաժակ ալյուր

1,4 թ.գ. ակտիվ չոր խմորիչ

1/2 բաժակ թթվասեր

200 գ կարագ 

Լցոնի համար. 

3/4 բաժակ ալյուր

3/4 բաժակ շաքարավազ 

100 գ կարագ 

1 թ.գ. վանիլինի էքստրակտ

1/4 թ.բ. մանրացված ընկույզներ

1 դեղնուց 


1. Պատրաստում ենք խմորը. Ալյուրը մաղեք խորը տարրայի մեջ, ավելացրեք խմորիչը և խառնեք:

2. Խմորի մեջ ավելարցեք թթվասեր և հարած կարագ: Ձեռքերով լավ խառնում ենք խմորը: Այն չպետք է կպչի ձեռքերին: Պատրաստի խմորը տեղադրում ենք կարագով պատված տարրայի մեջ և ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանի մեջ:

3. Պատրաստում ենք լցոնը. տարրայի մեջ խառնում ենք ալյուրը, ձեռքերով խառնում ենք շաքարավազը և կարագը: Ապա ավելացնում ենք վանիլին և մանրացված ընկույզ, և ևս մեկ անգամ խառնում ենք:

4. Խմորը հանում ենք սառնարանից, կիսում ենք երկու մասի, առաջին մասը մի կողմ ենք դնում, իսկ երկրորդը դնում ենք թեթևակի ալրապատ խոհանոցային տախտակի վրա:

5. Բացած խմորի վրա բարակ շերտով քսում ենք լցոնը: Ապա զգուշորեն խմորը ետ ենք փաթաթում: Կիսում ենք ռուլետը 10 հավասար մասերի և դնում ենք դրանք հարթ սկուտեղի մեջ, վրայից դեղնուց քսում: Այս նույն գործողությունները կատարում ենք խմորի մյուս կեսի հետ:

Տաքացնում ենք ջեռոցը մինչև 200 աստիճան և թխվածքաբլիթները եփում ենք մոտ 30 րոպե: Պատրաստի նազուկը դնում ենք տափակ ափսեի մեջ և թողնում ենք, որ սառչի:  

Բարի ախորժակ! 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել