Պուտինի այցն իր հետևում թողեց քաղաքական բազմաթիվ հարցեր, սակայն այն, որպես գործընթաց, դեռևս չի ստացել իր ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հանգրվանը: Անդրադառնանք արտաքին քաղաքական բաղադրիչին, որն այս պարագայում առաջին հերթին տեղավորվում է մեդիա դաշտի քննարկումային մակարդակում, ինչը ենթատեքստում, անշուշտ, քաղաքական հետագա մոտեցումներ է ենթադրում: Արևմտյան մամուլը որոշակի անդրադարձ կատարեց այս այցին. դրանցից էին այնպիսի հեղինակավոր լրատվականներ, ինչպիսիք են «Ռոյթերզը», «Ֆրանս-24»-ը, «Եվրոնյուզը», որոնք հիմնական շեշտադրումը կատարել էին տեղի ունեցած բողոքի ակցիաներին, քան Պուտինի այցի ռազմական, քաղաքական բովանդակությանը:

Մասնավորապես, հրապարակումներում կարմիր թելի պես անցնում էր ցուցարարների կողմից բարձրացրած պաստառների բովանդակությունը, սա հետաքրքիր երանգավորում է, քանի որ արևմտյան մամուլն, ըստ էության, ընդգծեց, որ Ռուսաստանին դեմ են նույնիսկ դաշնակցային երկրների հասարակությունները: Արևմուտքին անհրաժեշտ է քարոզչական դաշտում ցույց տալ, որ Մոսկվան անընդունելի ուժի կենտրոն է հասարակությունների համար, որ հենց ժողովուրդը չի ընկալում, չի ընդունում ռուսական ազդեցությունը, և Երևանում պարզած «Պուտին տուն վերադարձիր» գրությամբ պաստառի վկայակոչումը լավագույն ապացույցն է: Հենց հակաքարոզցչությամբ էլ ապահովվում է անհրաժեշտ դիրքավորումը Եվրոպայի համար, որն աստիճանաբար պետք է հավաքի իր քաղաքական միավորներն ընդդեմ Ռուսաստանի:

Մեկ այլ կարևոր փաստ, որ Հայաստանի բողոքի ակցիաների վկայակոչումը զուգորդվում է Ուկրաինական ըմբոստության հետ, այսինքն՝ սրանով արևմտյան Զլմ-ները հակառուսական շարժումներին հաղորդում են համատարած բնույթի էֆեկտ: Հրապարակումներում ակնարկվում է նաև, որ հասարակությունները դեմ են նաև սեփական կառավարությունների ընդունած քաղաքական կուրսին: Պարզ է, որ Եվրոպայում փորձում են «ցածր ինտենսիվությամբ կոնֆլիկտների» խաղարկման սցենարներ ապահովել և բոլորին համոզել, թե Ռուսաստանը անկայունության, դժգոհությունների, կոնֆլիկտների առանցք է ու առիթ: Այս ֆոնին ուշագրավ է, որ ռուսական լրատվամիջոցները հիմնականում գրեթե չանդրադարձան Պուտինի այցին՝ հավանաբար ենթադրելով, որ Հայաստանի մասով ամեն ինչ հստակ է և վերահաստատելով ռուսական քաղաքական մտքի էպիտետը. «հայերը գնալու տեղ չունեն»: Սա հատկապես հաստատվեց Հայաստանի վերջին 20 տոկոսանոց սեփականության ռուսականացումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել