Ցանկացած բարեփոխում, որն առնչվում է հասարակության լայն շերտերի շահերին և խնդիրներին, առաջ է բերում որոշակի հակազդեցություն: Այն արտահայտվում է լուռ, ակտիվ, իսկ որոշ դեպքերում նաև խիստ ագրեսիվ բողոքի դրսևորումներով և ակցիաներով: Այս առումով կառավարության պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ հանրային հակազդեցությունը, կարելի է ասել, բոլոր երեք դրսևորումներն էլ պարունակում է: Մարդկանց մի մասը «լուռ» է արտահայտում իր դժգոհությունը` փորձելով հասկանալ, թե ի վերջո որտեղ է կորցնելու, և որտեղ` շահելու: Ակտիվ բողոքողները, կարծես հասկացել են, որ այդ բարեփոխումների տակ ինչ-որ «աֆյորա» է թաքնված, և փորձում են համատեղ ուժերով գտնել այն: Դե իսկ ագրեսիվ պայքարողների մոտ հստակ համոզմունք կա, որ իրենք այս համակարգի ներդրման հետևանքով, միայն կորցնելու են: Բնականաբար, նման դիրքորոշումներով հանդես եկող մարդիկ, ունեն այս համակարգին չվստահելու և դեմ արտահայտվելու իրենց հիմնավորումները: Դրանք, գուցե, մեծ մասամբ սուբյեկտիվ են, բայց եթե նույնիսկ 10 տոկոսի հասնող օբյեկտիվ հիմքեր ունեն, ապա անխոսք, չպետք է անտեսվեն: Այստեղ խնդիրը միայն հստակ երաշխիքներ տալու մեջ չէ, այլ նաև խիստ թիրախավորված և համակողմանի հանրային իրազեկման մեխանիզմների կիրառման դաշտում է (այս առումով գովազդային այն արշավը, որն իրականացվում է, գուցե, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տիրապետելու առումով): Այս պայմաններում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի 6 ամսով համակարգի ներդրումը հետաձգելու առաջարկը առավել ռացիոնալ է թվում: Միայն պետք է հասկանալ, թե այդ առաջարկի իրագործման առումով ինչ իրավական, տեխնիկական և կազմակերպական բնույթի խնդիրներ կարող են ի հայտ գալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել