ՄՄ-ի հետ միացման ըմբոստություն արտահայտող քաղաքացիներին միանալուցս առաջ ուզում եմ հրապարակել ինձ երկար ժամանակ տանջող հարցականը. ինչո՞ւ են Ռուսաստանի ու Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում այնպես և այն ձևով, որ երկու երկրների բնակչությունը, մեծ հաշվով, միմյանց հանդեպ թշնամանքով լցվի: Մինչդեռ, չնայած պատմության դառն իրողություններին, երկու ժողովուրդների վերաբերմունքը միմյանց նկատմամբ բարյացակամ ու հարգալից է: Հայ ժողովուրդը միշտ խոր ակնածանք է ունեցել ռուսական միջավայրում ձևավորված և համաշխարհային գիտությունն ու մշակութային գանձարանը հարստացրած ռուսաստանյան գիտության և հիրավի մեծ մշակույթի և այդ մշակույթի արարման միջավայրի նկատմամբ, հայ ժողովրդի շատ զավակներ նույնպես մասնակցել են ռուսաստանյան գիտության ու մշակույթի արարմանը, բայց... երկու կողմերի առկա իշխանություններն ամեն ինչ անում են, որ մեր հիշողության մեջ Ռուսաստանի հանդեպ ամրագրվի միայն ռուսական իշխանության «սապոգային մշակույթի» հիշողությունը: Որքան դատողությունս թույլ է տալիս ամփոփել այս երևույթը, տպավորությունս այնպիսին է, որ հայկական իշխանությունները Ռուսաստանից գիտեն միայն հենց այդ «սապոգային մշակույթը», իսկ ռուսական իշխանությունները՝ Հայաստանի իշխանությունների խոնարհության ու հնազանդության մշակույթը: Շատ ափսոս, քանի որ երկուստեք արժանապատիվ համագործակցությունը կարող էր շատ տպավորիչ արդյունքներ ունենալ: Իսկապես զարմանաի է, թե ինչքան թույլ են իշխանության մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել