ՍԵՎԱԿ ԲԱԼԸՔՉԸԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2011 թվականի ապրիլի 24-ին մամուլում արագորեն տարածվեց տեղեկություն, ըստ որի` Թուրքիայում մահացել է այդ երկրի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող հայազգի Սևակ Շահին Բալըքչըն: Ապրիլի 24-ը խորհրդանշական էր` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը և Սուրբ Զատիկը, որն այդ տարի նշվում էր նույն օրը:



Սևակը սովորական պոլսահայ երիտասարդ էր, ով, հանդիսանալով Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, զորակոչվել էր այդ երկրի բանակ` պարտադիր ծառայության:
Բալըչքըն զինծառայություն էր անցնում Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի Գյումուշօրգուի ժանդարմերիայի զորամասում: 

Սևակը սովորում էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլետի խեցեգործության բաժնում: 23 օրից նա պետք է զորացրվեր ու վերադառնար Ստամբուլ, որտեղ էլ նա ծնվել և բնակվում էր իր ընտանիքի հետ: Սևակը Կարապետ և Անի Բալըքչըների միակ զավակն էր: Նա նշանված էր հայուհու հետ և պատրաստվում էր ամուսնանալ:

Պաշտոնական տեսակետով` Սևակի սպանությունը «դժբախտ պատահարի» հետևանք էր: Հայ զինծառայողի վրա հրազենից կրակ էր արձակել Քըվանչ Աղաօղլուն` նրա հետ նույն զորամասում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկը, ազգությամբ թուրք: 

Թեև բազում փաստերին, Աղաօղլուի դատավարությունն ընթանում է առանց նրան կալանավորելու: Վերջերս հայտնի դարձավ, որ վկաների մի մասն անգամ սկզբում կեղծ վկայություններ էին տվել:

Դատաբժշկական փորձաքննությունը նույնպես ցույց էր տալիս, որ Աղաօղլուն դիմահար կրակ է բացել հայ զինծառայողի ուղղությամբ : Ինչպես Հրանտ Դինքի սպանության գործի դեպքում, Սևակի գործով դատավարությունը նույնպես արհեստականորեն երկարաձգվում է, իսկ մեղավորն իր արժանի պատիժը դեռ չի ստացել:

Վերջին շրջանում հայտնի դարձավ նաև այն, որ Սևակը մշտապես եղել է ճնշումների տակ թուրք ծառայակիցների կողմից: Այս մասին նշել է Սևակի հարսնացուն Ստամբուլի դատախազությանը տված ցուցմունքի մեջ:

Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Սևակը սպանվել է հայ լինելու պատճառով, իսկ ապրիլի 24-ը հատուկ է ընտրվել:

ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՊՈԼՍԱՀԱՅԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Հայ զորակոչիկների վիճակը Թուրքիայի զինված ուժերում ավելի լավ հասկանալու համար որոշեցինք զրուցել թուրքական բանակում պարտադիր ժամկետային զինծառայությունն անցած, պոլսահայ Արդա Չինարյանի հետ:

- Արդա, մի փոքր կպատմես քո ծառայության մասին:

Ես, լինելով բուհի շրջանավարտ, ծառայել եմ 6 ամիս: Բարձրագույն կրթություն չունենալու դեպքում պետք է ծառայեի 15 ամիս: Պոլսահայերի մեծ մասը պարտադիր զինծառայության պայմաններին համապատասխանելու դեպքում զորակոչվում է բանակ: Հիմնականում ծառայության են գնում 20 տարեկանից: 

Ես բանակ եմ գնացել 2004 թվականին: Ծառայությունս անցել է Իզմիրի (Զմյուռնիա) շրջանի զորամասերից մեկում:

- Իսկ զորակոչվելուց առաջ ինչպիսի՞ զգացումներ էին, անհանգստություն կա՞ր: Ի վերջո հայ է զորակոչվում թուրքական բանակ:

Այսպես ասեմ` ցանկացած մեկը բանակ զոչակոչվելուց առաջ որոշակի անհանգստություն, անորոշություն է ունենում, քանի որ գնում ես մի վայր, որն անծանոթ է և ունի իր բարդ պայմանները: Իսկ հայ լինելով այս ամենն էլ ավելի է ընդգծվում Թուրքիայի բանակ զորակոչվելուց առաջ:

- Իսկ բանակում հայերի հանդեպ ճնշումներ, լարվածություն կա՞: 

Իհարկե, կան և ճնշումների, և խտրականության դեպքեր, սակայն դրանց մասին չեն գրում: Իհարկե, չեմ կարող ասել, որ բոլոր հայերն անպայման նման երևույթների առջև են կանգնում: Սակայն շատ կարևոր է, թե ինչպիսի մոտեցում ունեն հայերի հանդեպ հրամանատարները: Կարող ես հանդիպել հրամանատարների, որոնք հայության մասին վատ են արտահայտվում, և դա խիստ վրդովեցնում է:

Օրինակ, մի բան նշեմ: Եթե PKK-ն («Քրդստանի աշխատավորական կուսակցություն»-խմբ) թուրք զինվոր է սպանում, ապա սկսվում են խոսակցությունները, թե PKK-ականները հայ դավաճաններն են: Նման խոսակցություններն արագ տարածվում են զինվորների շրջանում, և պատկերացրեք այդտեղ ծառայող հայի վիճակը:

- Իսկ ինչպե՞ս է դրությունը հայերին զինվորական աստիճաններ շնորհելու հարցում: Սպայական կազմում հայեր կա՞ն:

Թուրքիայի բանակում ոչ մի կերպ թույլ չեն տալիս հայերին սպայական աստիճաններ ստանալ: 

Մի հետաքրքիր պատմություն ներկայացնեմ: Տարիներ առաջ իմ ընկերներից մեկը, ով ծառայում էր հակաօդային պաշտպանության զորամասում և գերազանց էր կատարում իր պարտականություններն ու շատ ընդունակ էր ռազմական գործում, պարտադիր զինծառայություն անցնելիս իր հրամանատարից առաջարկ ստացավ դառնալ սպա և շարունակել ծառայությունը բանակում: Բոլորս ապշել էինք. չեմ հիշում մի դեպք, երբ հային թույլ տային սպա դառնալ բանակում: Անցավ մեկ շաբաթ, և նույն հրամանատարն իր մոտ կանչեց իմ ընկերոջը: «Տղաս, չգիտեի, որ դու հայ ես: Չես կարող ծառայել մեզ մոտ»: Ահա այսպես միայն հայ լինելու համար նրան ծառայության չվերցրեցին: Սա ցույց է տալիս թուրքական բանակի և հայերի հարաբերությունների ամբողջ պատկերը:

- Իսկ նախկինում դեպքեր հիշու՞մ ես, երբ հայեր սպանվեց թուրքական բանակում կամ հաշմանդամ դառնան:

Հիշում եմ` տարիներ առաջ հայերից մեկը զորակոչվեց բանակ, սակայն որոշ ժամանակ անց նա մահացավ: Ասում էին, որ նա մահացել է հիվանդությունից: Այլ դեպքեր չեմ հիշում: 

Հ.Գ. Ամփոփելով այս ամենը` պետք է նշել, որ հայազգի զինծառայողն այսօր էր Թուրքիայի զինված ուժերում չի կարող իրեն ապահով զգալ: Թուրք սպաների ու ժամկետային զինծառայողների վերաբերմունքը հայերի հանդեպ այլատյաց է և կանխակալ:

Հետաքրքիր է, որ Թուրքիան հայ զինծառայողներին չի ուղարկում երկրի հարավ-արևելյան թեժ կետերը, որտեղ ռազմական գործողություններ են ծավալում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները: Թուրքական պետությունը չի խորշել և խորշում իրար դեմ լարել տարբեր տարբեր էթնիկ խմբերին` հօգուտ թուրքական պետության, ուստի այս որոշումն առաջին հայացքից տարօրինակ է թվում: Այստեղ, սակայն, պետք է դիտարկել նաև այն փաստը, որ թուրքական կողմից PKK-ի դեմ պետք է գործեն ավելի «վստահելի» դիրքորոշում ունեցող անձինք:


Նյութի հեղինակ` թուրքագետ Գևորգ Պետրոսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել