Լռությունը`
կողերիս արանքում մխրճված կացին,
հնացել է, ժանգոտել,
մարմինս՝ անլար մի ջութակ, 
անձայն, վաղուց չորացել…
Կողերիս արանքում համր սատանա է,
պարտքերս է հիշեցնում մտքում,
մարմինս լպրծուն, կպչուն,
կաթ-կաթ դառնությամբ է լցվում:

Դրսում մութն ու լույսը եղբայր են,
Ներսում՝ թշնամի քույրեր,
սիրտս վալիդոլի հոտով ժանգոտ ճոճանակ է
ու հազար սև ասեղներ…

Թեքվել եմ հիմքից,
հենակ են հուշերս,
կողերիս արանքից գետնին կաթում է մաղձ,
Ճակատագիրը գլխիկոր հեռանում է 
շորերը փոխած…

Ս.Ումառ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել