Kusutyun

Կուսությունը մարդկային ամենամեծ առաքինությունն է: Սա վկայեց նաև Քրիստոս, երբ ասաց. «Այն ժամանակ Երկնքի Արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի» (Մատթ. 25.1):

Այսօր ոմանք այս մեծագույն առաքինությունը հաճախ թերություն են համարում: Մարդիկ կան, հատկապես կանայք, ովքեր կյանքի տարբեր պատճառների բերումով չեն ամուսնանում, շարունակում են իրենց կուսական կյանքը, սակայն դա թերություն են նկատում: Մինչդեռ այդ մեծագույն առաքինությունը շատերին չի տրված տանելու: Հովհան Ոսկեբերանն ասում է, որ հանդերձյալ կյանքում մարդկանց փառքն ու պսակը տարբեր է լինելու: Սա է վկայում նաև Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 15.41): Եվ ահա կույսերի տեղը լինելու է բոլորից բարձր` հրեղեն երկնքում:

Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ միայն կույսերն են խառնվելու հրեշտակներին` ձևավորելով հրեշտակաց տասներորդ դասը, որովհետև կուսությունը հրեշտակների գործ է: Կույսերի մասին ավետարանական առակում հինգը կույսերը կոչվում են հիմարներ, մերժվում են Քրիստոսի կողմից և չեն կարողանում մտնել Երկնքի Արքայություն:

Բայց ո՞րն էր արդյոք պատճառը. չէ՞ որ բոլորն էլ կույսեր էին, բոլորն էլ մեծ ճգնությամբ պահել էին այդ ամենամեծ առաքինությունը: Հիմար կույսերը չկարողացան վառ պահել իրենց լապտերները: Լապտերը երեք բաներով է վառվում` լույս կամ կրակ, ձեթ և պատրույգ: Եթե սրանցից մեկը պակասի, ապա լապտերը կհանգչի: Լույսը կուսության առաքինությունն է, ձեթը` մարդասիրությունը և ողորմությունը, իսկ պատրույգը` ճշմարիտ դիտավորությունը: Ահա այսօր շատերն ունեն այս մեծագույն առաքինությունը, դրա հետ մեկտեղ նաև մարդասեր են և ողորմություն են անում, սակայն չունեն ճշմարիտ դիտավորություն:

Մինչ շատերի հայացքներն ուղղված են դեպի երկիր, քչերն են իրենց հոգևոր հայացքները երկինք բարձրացնում: Հիմար կույսերը նրանք են, ովքեր մարմնավորը ցանկացան և դրանից էլ զրկվեցին: Բոլորն էլ կույսեր էին, սակայն կեսը մերժվեցին, որովհետև Քրիստոս ասում է. «Այո, կույս եք, բայց հիմար եք, աշխատեցիք, բայց վարձ չունեք, երկնայինին հարսնացաք, բայց զարդերը չպահեցիք»: Եվ այս մեծագույն առաքինությունն ունեցողները պետք է նաև ճիշտ դիտավորություն ունենան, իրենց հայացքներն ու հոգիներն ուղղեն դեպի Աստված: Իսկ մնացած մարդիկ պետք է խոնարհվեն իբրև մարգարիտ ողջախոհությունն ամփոփող այս մեծագույն առաքինությունն ունեցող մարդկանց առջև, որովհետև, ինչպես ասվում է Հայտնության գրքում, նրանք միշտ փառավոր կերպով լինելու են Քրիստոսի հետ, ուր էլ Նա գնա (Հայտ. 14.4):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել