Ավան անունը պատկանում է այն տեղանունների թվին, որոնք իրենց նախնական նշանակությամբ հասարակ են, բայց հետագայում դարձել են աշխարհագրական հատուկ անուն։

Անվան բառը հայերենում փոխառված է պահլավերենից: Նա ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Ի դեպ, անցյալում, սովորաբար ավան են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ Ավան մասնիկը միացվել է մեր շատ տեղանունների։ Այդ ձևով են առաջացել Ստեփանավան, Գեղամավան, Արտավան և այլ անուններ։

Ավանը եղել է Այրարատյան նահանգի Կոտայք գավառի նշանավոր բնակավայրերից մեկը։
Նա դեռ յոթերորդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։ Անցյալի հուշարձաններից նշանավոր է վեցերորդ դարի ճարտարապետական հուշարձաններից՝ Ավանի տաճարը, որը եղել է միջնադարյան հայ ճարտարապետության աչքի ընկնող կոթողներից մեկը։

Տաճարը կառուցել է հակաթոռ կաթողիկոս Հովհան Սյունականը։ Դա այն շրջանն էր, երբ Հայաստանը կրկին բաժանվեց Պարսկաստանի և Հունաստանի միջև։ Այդ ժամանակներում էր, որ Ավանում Հովհան կաթողիկոսը (519-602 թթ.) հիմնեց այս տաճարը և Ավանն էլ դարձրեց կաթողիկոսանիստ վայր՝ ի հակադրություն Էջմիածնի կաթողիկոսարանի: Դրա համար էլ ասում են հակաթոռ կաթողիկոս կամ քաղկեդոնական կաթողիկոսություն։ Այսինքն, հայ եկեղեցական օրենքով ընտրված կաթողիկոսին հակառակ։ Ավանի տաճարի նախատիպը եղել է Էջմիածնի Մայր տաճարը: Այդ առթիվ ճարտարապետ Թ. Թորամանյանը գրում է՝

«Այս Հովհան կաթողիկոսը Ավանում շինեց 6-րդ դարու մեջ մի եկեղեցի, որ նմանություն էր բերում Էջմիածնին. այս նմանությունն այն ժամանակ պատշաճ էր համարվում, որովհետև Հովհանը նստում էր հակաթոռ կաթողիկոս, հակառակ Էջմիածինի, ուստի շինած կաթողիկոսական եկեղեցին ևս պիտի ունենար Էջմիածնի ավանդական ձևը, իբրև կաթողիկոսական լուսավորչական ձև»։

Ավանը իր ժամանակին եղել է շատ բազմամարդ և ընդարձակ բնակավայր, ունեցել է ուրիշ եկեղեցիներ ու վանքեր, որոնց փլատակներն են մեզ հասել որպես լուռ վկաներ նրա անցյալի պատմության։

Ավանը մեր քաղաքի նվիրագործված աշխարհագրական անուններից է և հավերժ կմնա Երևանի տարեգրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել