Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին դեպքերը մտաոգիչ են: Առավել մտահոգիչ է, որ դա տեղի է ունենում մի ժամանակ, երբ տարածաշրջանում է Ղարաբաղյան հարցի միջնորդ երկրներից մեկի՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը:
Առհասարակ, 1994 թվականից զինադադարի պահպանմանը նպաստել է երկու բան՝ ա) բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը, բ) շփման գծի երկու կողմերում ռազմական հավասարակշռությունը:
Միշտ էլ սահմանային միջադեպերն առավել հաճախակի են եղել հատկապես այն ժամանակահատվածներում, երբ կա՛մ խնդրի բանակցային կարգավորման հեռանկարն է խարխլվել, կա՛մ, երբ շփման գծի որոշ հատվածներում հակառակորդին թվացել է, թե առավելություն ունի: 
Այսօր հիմնական մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը մի կողմից իր առաջ քաշած անիրատեսական մաքսիմալիստական պահանջներով կորցնում է հարցի խաղաղ կարգավորման հեռանկարի նկատմամբ հավատը, մյուս կողմից՝ ռազմատենչ հայտարարությունների և սպառազինությունների վրա մեծ ծախսերի արդյունքում սկսում է հավատալ իր ռազմական առավելությանը: Ահավասիկ, այս երկուսի համադրման մեջ է վտանգը:
Հայկական կողմը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական առումով պետք է համարժեք պատասխան տա, որպեսզի Ադրբեջանը պատրանքներին չտրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել