Իրանյան թնջուկը, վերջնականապես, կարծես, ժնևյան հանգուցալուծում ստացավ: 10 տարի կոնֆլիկտային պահերով լի հարաբերությունների, բանակցությունների այս ողջ մետաֆորան թեև փոքրիկ տեղաշարժով, բայց, այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց արձանագրեց: Վեցնյակն ու Իրանը միասին մինչև 20 տոկոս հարստացված ուրանի վերացման և 4,2 միլիարդ դոլարի իրանյան ակտիվների վերականգման ընդհանուր համաձայնություն կնքեցին: Սակայն ստեղծված քաղաքական պատկերն ավելի համակողմանի ընկալելու համար, կարծում ենք ճիշտ կլինի այն դիտարկել երկու՝ խնդրի լուծման իմիտացիայի և կայունության փաստական հանգամանքի տեսանկյունից: Նախ, Ռոհանին դարձավ այն կերպարը, ում հետ Արևմուտքը փորձեց գտնել բանակցելու ուղին ու նրա անձի փոքրիկ փիառով լեգիտիմացրեց իր այդ ցանկությունը: «Շեյխ-դիվանագետն» էլ, օգտվելով առիթից, աշխարհին ներկայացավ խաղաղասերի ու կոնսենսուսային լիդերի կերպարով: Ու կայացավ այն գործընթացը, որը քաղաքական նոր իրողություններ ձևավորելու օրակարգ է իրենից ներկայացնում: Իրանը, բնականաբար, չի հրաժարվել և դժվար էլ հրաժարվի իր համար անվտանգության ստրատեգիական նշանակություն ունեցող ուրանի հարստացումից, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ չեն հրաժարվի Իրանին վերջնականապես ուրանից զրկելու, ասել է թե՝ հնազանդեցնելու ծրագրից: Արևմուտք-Իրան կոնֆլիկտն իր էությամբ մոտիվացիոն էր, այսինքն՝ ուներ արժեքային բովանդակություն, ուստի բանակցություններն էլ պետք է ծավալվեին արժեքների շուրջը և չստանային խորքային լուծումներ: Այս թեզիսն ապացուցվում է կողմերի՝ տրամագծորեն հակառակ բովանդակությամբ հայտարարություններով: ԱՄՆ-ն պնդում էր, թե Իրանը հրաժարվում է ուրանի հարստացումից, Թեհրանն էլ՝ հակառակը. ավելին, Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը բառացի ասել էր. «Իրանի իրավունքը ուրանի հարստացման մասով կներառվի ցանկացած պարագայում, մենք չենք գնա այնպիսի քայլերի, որոնք կհակասեն մեր ազգային շահերին ու անվտանգությանը»: Սրանով Իրանը ցույց տվեց, որ ուրանի հարստացումն իր համար արժեքային նշանակություն ունի, իսկ արժեքների շուրջ, ինչպես ընդունված է բանակցությունների տեսության մեջ, չեն բանակցում: Մոսկվան այս անգամ մի փոքր դիվանագետ գտնվեց՝ հայտարարելով, որ ժնևյան պայմանավորվածությունը Իրանին հնարավորություն տվեց իրացնելու սեփական իրավունքները «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի» շրջանակներում: Լավ ձևակերպում է. այդ պայմանագիրն իրավունք է տալիս ուրան հարստացնել բացառապես խաղաղ նպատակներով, սակայն արգելում է այդ անել միջուկային նպատակներով: Թե ինչ էր ուզում դրանով ասել Մոսկվան, կարող է մեկնաբանել ինքը՝ երկու կողմի համար էլ նպաստավոր ձևով: Նա ակնհայտորեն խուսափեց որևէ դիրք բռնել՝ հավանաբար վախենալով, որ այս նուրբ գործընթացը կարող է կողմերից յուրաքանչյուրին շրջել իր դեմ: Այսպիսի հակասականությունը բանակցային փուլում կապված է նաև գործընթացի նոր մեկնարկի հետ. կողմերը դեռևս վստահություն չունեն միմյանց նկատմամբ, ուստի կարևորագույն, սկզբունքային հարցերը չէին էլ դնելու բանակցային սեղանին և չէին երևակի սեփական դիրքորոշումների ողջ համապատկերը: Ինչ մնում է վերը նշված կայունության փաստական հանգամանքին, ապա սրանով հնարավոր կլինի կոնֆլիկտային հարաբերությունները տեղափոխել մրցակցային հարաբերությունների դաշտ, որը գուցե ԱՄՆ-ին հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել «Իրանի հարցը», իսկ փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն մրցակցությամբ ավելի արդյունավետ է իր հակառակորդներին չեզոքացրել, քան հակամարտությամբ ու նույնիսկ պատերազմով: Ինչ էլ լինի, սա կայունություն հաստատելու նախահարթակ էր, իսկ կայունությունը մեր հարավային հարևանի շուրջը մեզ համար ձեռնտու է ոչ միայն կոմունիկացիոն, տնտեսական կապերի խորացման ավելի անկաշկանդ հնարավորության, այլև ռեգիոնալ աշխարհաքաղաքական մրցակցության առումով, քանի որ Իրանը այն պետությունն է, որը կարող է զսպել թուրքական աշխարհաքաղաքական նկրտումները մեր տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել