Փաստերը հուշում են, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի կողմից Հայաստան կատարելիք այցին ընդառաջ, որոշակի խժդժություններ ու խառնակչական բնույթի գործողություններ են նախապատրաստվում: 
Չի կարելի բացառել, որ դրսում գտնվող նույն կենտրոնից փորձ է արվում տարբեր խմբերի միջոցով Հայաստանում հրահրել ներքին անկայունություն, բախումներ, ընդհարումներ, ինչպիսին տեսնում ենք Ուկրաինայում: Չնայած Կիեւում այս օրերին ծավալվող դեպքերի ու Հայաստանի կացության միջեւ կան մի շարք էական տարբերություններ, որոնց դեռ կանդրադառնանք: 
Նախ, դիտարկենք փաստերը: 
Առաջին փաստն այն է, որ վերջին օրերին մայրաքաղաքում շրջում են մարդկանց խմբեր, որոնք անստորագիր թռուցիկներ են բաժանում, նախընտրելով դրանք փոխանցել հիմնականում երիտասարդներին ու պատանիներին: Թե ինչո՞ւ հատկապես երիտասարդներին, կարելի է պարզորոշ ենթադրել, բայց դա դեռ մի կողմ:
Այդ անստորագիր թռուցիկների շարադրանքը տարբեր է (համենայն դեպս մեր տրամադրության տակ եղած երկու նմուշներում այդպես է), սակայն բովանդակությունը սկզբունքորեն նույնն է: 
Մասնավորապես նշվում է, թե Մաքսային միությանն անդամակցելը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, թե դա «ազգադավ քաղաքականություն» է, թե ազատ ու անկախ Հայաստանի «միակ երաշխավորը միավորված Եվրոպան է», որից հետո կոչ է արվում թռուցիկն ստացած քաղաքացուն, որ կոնկրետ օրը, կոնկրետ ժամի լինի կոնկրետ վայրում՝ հանրահավաք անելու համար: 
Երկրորդ փաստը պակաս «դեդեկտիվային» է, բայց ուշագրավ: Բանն այն է, որ երեկ ցանցային մի շարք լրատվամիջոցներով արագորեն տարածվեց «Ինքնիշխան Հայաստան» անվանմամբ հանդես եկող մի նախաձեռնության հայտարարությունը: Սա նույնպես ուշագրավ տեքստ է, որով հիշյալ նախաձեռնությունը գործող իշխանությունը հայտարարում է ոչ լեգիտիմ, սեպտեմբերի 3-ի հայտարարությունը՝ ոչ սահմանադրական։ 
Թե՛ վերոհիշյալ թռուցիկների, թե՛ նշված նախաձեռնության տարածած հայտարարության շեշտադրումների ընթացքը, շարադրանքի տրամաբանական կառուցվածքը գրեթե նույնական են, ինչը հազիվ թե կարելի է պատահական համարել: Ամենից հետաքրքիր ու էական տարբերությունը, սակայն, այն է, որ եթե թռուցիկներում խոսվում է հանրահավաքի մասին, ապա «Ինքնիշխան Հայաստան» կոչվող նախաձեռնության հայտարարությունն ավարտվում է ահա այսպես. «Ելնելով ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ ինքնիշխանության բացարձակ գերակայությունից՝ մենք հայտարարում ենք դիմադրության գործողությունների շարք սկսելու մասին»:
Ահա այսպես. ոչ ավել, ոչ պակաս՝ «դիմադրության գործողություններ»: Ու հենց այստեղ էլ առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնց շրջանակում արված դիտարկումներն ու ընդհանրացումները հանգեցնում են միանգամայն ուշագրավ ենթադրությունների: 
Ամենից առաջ հարց է ծագում, թե «Ինքնիշխան Հայաստանի» հայտարարության մեջ նշված եւ մինչ այժմ, ի դեպ, առանձնապես չհիշատակված այս նախաձեռնության «մենք»-ը կոնկրետ ովքե՞ր են: 
Զուտ հետաքրքրասիրությունից դրդված, երեկ երեկոյան, երբ մի թեթեւ նայեցինք այդ նախաձեռնության «ֆեյսբուքյան» էջը, նկատեցինք, որ որեւէ կոնկրետ անձնավորության անուն կամ անգամ լուսանկար զետեղված չէր, ինչը շատ «հեղափոխական» մոտեցում է՝ կոնսպիրացիայի կանոններով, ինչպես ասվում է: 
Ոչ պակաս հետաքրքրական է եւ այն, որ նշված նախաձեռնության ֆեյսբուքյան էջում զետեղված բոլոր երեք լուսանկարներից երկուսը զետեղված էին նոյեմբերի 24-ին, իսկ մեկն էլ՝ երեկ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ գոնե «ֆեյսբուքում» նշված էջն ընդամենը օրերս է բացվել: Ճիշտ է, «Ինքնիշխան Հայաստան» էջի անհատ կամ գուցե կոլեկտիվ օգտատերը որպես հիմնադրման ամսաթիվ նշել է 1918թ. մայիսի 28-ը: 
Ոչ պակաս էական է հասկանալ, թե ի՛նչ ասել է «դիմադրության գործողություններ»: Հարկավ դա ամենից լավ կարող են բացատրել իրենց հայտարարության մեջ նման բառակապակցություն գործածած անանուն անձինք, բայց նրանց շարադրանքի տոնայնությունից եւս կարելի է ենթադրել, որ թերեւս նկատի են առնվում շատ ավելի կտրուկ դրսեւորումներ կամ գործողություններ: Այսինքն, կարելի է ենթադրել, որ խոսքը ամենեւին էլ խաղաղ հավաքի (ցույցի, երթի) միջոցով բողոք արտահայտելու սահմանադրական իրավունքի մասին չէ, այլ շատ ավելի հեղափոխական կամ ագրեսիվ, անգամ «պարտիզանական» քայլի: 
Օրինակ, ինչպես մահակներով ու ինքնաշեն «գմփիկներով» ընդամենը մի 20 օր առաջ Երեւանի կենտրոնում «դիմադրության գործողություն» կատարեց Շանթ Հարությունյանը՝ իրեն միացած մի երեք տասնյակ անձանց հետ: 
Եվ վերոնշյալ, առայժմ ծպտված կամ վիրտուալ հանդես եկող «հեղափոխականների» հակամաքսամիութենական կոչերի համատեքստում ի՞նչ իմանաս, թե Շանթ Հարությունյանի «մահակների հեղափոխությունը» որոշակի փորձ չէր՝ ինչ-ինչ զարգացումներ նախապատրաստելու, անկայունություն հրահրելու ամբողջական ծրագրի շղթայում: Ըստ որում՝ նման կարծեցյալ ծրագրի հմայքը կարող է լինել եւ այն, որ դրանում ներգրավված բաղադրիչները պարտադիր չէ, որ կազմակերպական առումով լինեն նույն շրջանակում կամ նույնիսկ միմյանց հետ անմիջական կապ ունենան: 
Հնարավոր ծրագրավորողների համար այդպես նույնիսկ ավելի լավ է, քանզի հաջորդող քաղաքական ու քարոզչական ծավալման ժամանակ առանձին խմբերի դրսեւորումները կարելի է ներկայացնել որպես ինքնաբուխ մի բան: Կազմակերպված եւ հստակ ուղղորդվող «ինքնաբխում», այ թե՝ ինչ: 
Հիշատակեցինք Ուկրաինայի մասին, բայց նկատենք, որ Հայաստանի դեպքում կան էական տարբերություններ: Իրավիճակների համեմատության հիմնական նրբերանգն այն է, որ Ուկրաինայում ընդդիմադիր ուժերը որոշակիորեն կոչ արեցին արձագանքել Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու մասին իշխանության որոշմանը: Ըստ որում՝ փողոցային պայքարի այդ արձագանքը գրեթե անմիջապես հաջորդեց ընդունված որոշմանը: 
Մինչդեռ դժվար չէ նկատել, որ Հայաստանի պարագայում ոչ մի նման բան տեղի չունեցավ: Ճիշտ է, Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո տարբեր ընդդիմադիր կուսակցություններ հայտարարություններ արեցին: Սակայն ոչ մի քաղաքական ուժ, ըստ էության, չփորձեց պայքարը տեղափոխել փողոց, ցույցերի, երթերի ու նմանօրինակ այլ դրսեւորումների կոչեր չարվեցին: 
Սա թույլ է տալիս ենթադրել, որ միանգամայն այլ վայրերում ու գրասենյակներում են նախապատրաստվել այն ծրագրերը, որոնց շրջանակում էլ հայտնվել են այժմ «բոցաշունչ հեղափոխականի» կեցվածքով հանդես եկող անհայտ ուժերը: 
Նմանապես դժվար չէ նկատել, որ տվյալ ուժերը հանդես են գալիս ընդգծված արեւմտամետ դիրքերից: Երկրորդ, եթե ոչ հիմնական շեշտադրումներից մեկը, որ պարզորոշ նկատելի է, նշված «թռուցիկային հեղափոխականների» անթաքույց սեւեռումն է Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի՝ դեկտեմբերի առաջին օրերին Հայաստան կատարելիք այցին:
Դժվար է միանշանակ վստահությամբ պնդել, բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ Արեւմուտքը որոշակի ռադիոկառավարվող անձանց ու շրջանակների միջոցով կարծես ծրագրում է որոշակի սադրանք իրականացնել Հայաստանում՝ Պուտինի այցի նախօրեին կամ հենց այդ այցի շրջանակներում, բայց այնպես, որ դա ներկայացվի որպես հայաստանյան արեւմտամետ երիտասարդների բողոքի ինքնաբուխ դրսեւորում:
 
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել