Էսօր  ում որ տեսնում էի, իհարկե, խոսում էինք նաեւ սահմանի դեպքերի մասին։ Ու շատ մի ցավալի (իմ պատկերացումով) բան եմ նկատել. բանակի հետ ուղղակի կապ չունեզող մարդկանցից շատերը կարծում են, որ բանակը մի կառույց է, որը, օրինակ, հրշեջ ծառայության պես, տեխնիկական լավ զինվածության ու ճիշտ կառավարման պայմաններում գրեթե հարյուր տոկոսանոց արդյունավետությամբ ու, կարեւորը, անվտանգ կարող է կանխատեսել եւ հաղթահարել ցանկացած արհավիրք։ Այս պատկերացումով` սահմանները չինական պատի պես բան են, իսկ հակառակորդը՝ հրդեհի, որը պետք է ժամանակին հայտնաբերել եւ հանգցնել, ու եթե անձնակազմը տուժում է՝ դա միայն ղեկավարների անփութության պատճառով է։ "Լավ, չէի՞ն կարող նենց անել, որ զինվորները չտուժեին, բա ասում եք ուժեղ բանակ ա, հսկում ա իրավիճակը", - անկեղծ հարցնում են մարդիկ:
Չեմ ուզում գրել նրա մասին, որ կարգապահությունը եւ զգոնությունը կարեւոր են, որ դեպքեր կան, որոնցից իրոք կարելի էր խուսափել եւ այլն, բայց ինչպե՞ս անենք, որ բոլորս հասկանանք, որ սա իսկական պատերազմ է, սահմանը կարող է հենց այս ճանապարհի, որով գնում-գալիս ենք, դիմացի առվակի, ձորի ու բլուրի հակառակ կողմը լինել եւ տեսանելի արգելքներ չունենա, հասկանանք, որ հակառակորդը ոչ թե պասիվ մի անսարքություն է, այլ նպատակադրված տրամաբանող ուժ, որը ձգտում է սպանել եւ վնասել, օգտվելով մթից, անուշադրությունից եւ ցանկացած ուրիշ հնարավորությունից, շատ դեպքերում նույնիսկ հենց մարդկային զոհ պատճառելով ահաբեկելը մեր թշնամու համար ավելի կարեւոր նպատակ է եւ չունի որեւէ այլ ռազմավարական դիրքային կամ ուրիշ իմաստ։ Պատկերացրեք, ինչ լարված, անմարդկային ուշադրություն պահանջող առաքելություն են իրականացնում մեր զինված ուժերը ամեն ժամ, ամեն օր, երկար տարիներ: Երեւի շատ մարդկանց է պետք տանել ու ցույց տալ դիրքերը, ծանոթացնել զինվորի հետ։
Աստված տա զինվորներից էլ ոչմեկի մազը գլխից չընկնի
Փառք ու պատիվ մեր տղեքին, զոհվածների հոգիները լուսավորվեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել