Արդեն պարզ է դարձել՝ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը կկայանա, այդ մասին, ըստ մամուլի, պաշտոնապես հայտարարել է Լավրովը: Կովկասյան շախմատային խաղատախտակը սկսում է աշխարհաքաղաքական սուր «քայլերի» հարթակ դառնալ: Քաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունը բերում է գլոբալ պրոցեսների կառուցվածքային փոփոխության, և ԱՄՆ-ն, տիրապետելով հզորագույն տնտեսական, տեխնոլոգիական ռեսուրսների կարողանում է յուրաքանչյուր գործընթաց դարձնել գլոբալ ու դրա շրջապտույտում ներքաշել ցանկացած տարածաշրջան: Սարգսյան-Ալիև հանդիպումը, փաստորեն, ստիպեց Պուտինին վերջնականապես հաստատել իր այցը Հայաստան, որը մինչ այդ միայն խոսակցությունների մակարդակով էր: Ինչքան էլ որ Ռուսաստանում գիտեն հայկական հավատարմության մասին, այնուամենայնիվ, նույնքան լավ էլ պատկերացնում են ամերիկյան քաղաքականության դոմինոյի էֆֆեկտը: Թե որքան ուշադրությամբ են Մոսկվայում հետևել արևմուտքից եկող քամիներին, ցույց է տալիս հանդիպումների, այսպես կոչված, հիերարխիան. նախ, պետք է հանդիպեն Նալբանդյանն ու Լավրովը, որը տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումից առաջ: Արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովը Ալիևի հետ բանակցությունների, դրանում ԱՄՆ-ԵՄ մասնակցության ձևի ու աստիճանի, ՄՄ-ին միանալու որոշման իրագործման ընթացքի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացման առնչությամբ որոշ պարզաբանումներ Նալբանդյանից կպահանջի: Այդ պարզաբանումները կլինեն դիվանագիտական այն լծակները, որով Հայաստանին հետ կպահվի ղարաբաղյան հարցի առնչությամբ արևմտյան հավաստիացումների գայթակղություններից, այսինքն Հայաստանը Սարգսյան-Ալիև հանդիպումը չպետք է դիտարկի որպես իր արտաքին անվտանգության պահանջմունքների բավարարման այլընտրանքային մեխանիզմ: Դրանից հետո, երբ կհանդիպեն արդեն նախագահները, Պուտինը իր դաշնակցի մասով կունենա սեփական երկրի շահերի ու նպատակների իրացման ավելի հանդարտ պայմաններ: Այստեղ հաշվի է առնվում նաև Թուրքիայի գործոնը, որը կարող է բացել սահմանը ՀՀ հետ, իսկ դա Մաքսային միության ապագա անդամի մոտ կարող է այլ գայթակղությունների հեռանկարներ բացել ԵՄ հետ ազատ առևտրի առնչությամբ: Ահա ևս մեկ հարց, որ Պուտինը կպարզի Երևան կատարելիք իր այցի շրջանակներում: ԱՄՆ-ը լավ է հասկանաում, որ Թուրքիան կարող է ազդել և Հայաստանի և Ադրբեջանի, և նաև Ռուսաստանի վրա: Դրա համար այն տիրապետում է բավական կարևոր ռեսուրսների, ինչը գեոստրատեգիական մանևրի լայն դաշտ է բացում ԱՄՆ-ի համար: Հայաստանի մասով Թուրքիան ունի «անվտանգության սպառնալիքի» ռեսուրս, Ադրբեջանի նկատմամբ մշակութային և քաղաքական ազդեցություն, իսկ Ռուսաստանի մասով բալանսային գործընկերոջ նշանակություն: Այս 3 կարևոր ռեսուրսներով էլ ԱՄՆ-ը փորձում է գտնել շահերի համադրություն և թուլացնել ռուսական մրցակցությունը: Դրա համար նոյեմբերի 22-ին ծրագրվում է Էրդողանի այցը Մոսկվա, որը, եթե կայանա, ռեգիոնալ և գլոբալ որոշ հարաբերությունների նոր մոդելավորման հիմքեր կարող է ապահովել: ՌԴ-ն էլ իր հերթին Թուրքիայից ունի ակնկալիքներ, քանի որ Իրանը զբաղված է սեփական խնդիրներով, ուստի պետք է նրա հետ հարաբերությունները բարելավել աշխարհաքաղաքական բալանսի համար, իսկ Անկարան էլ, օգտվելով երկկողմանի տրված առիթից, կարող է մեծացնել սեփական դերակատարությունը գործընթացների վրա ազդելու առումով: Կրեմլը սկսել է հասկանալ, որ ճիշտ ժամանակն է պրևենտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ: Ընդհանրապես, Ռուսաստանը միշտ էլ ԱՄՆ-ի հետ իր մրցակցային հարաբերություններում հանդես է եկել, այսպես կոչված, կոնտրպրոցեսներով, այսինքն՝ մարտահրավեր-պատասխան մարտավարությամբ, որը շատ հաճախ եղել է վաշինգտոնյան սրած աշխարհաքաղաքական խաղի արդյունք: Բայց ժամանակն ու գործընթացները ցույց են տալիս, որ այդ կերպ ռուսական մրցակցությունն արդյունավետ չի ստացվում, և վերջիններս ստիպված ապավինում են իրենց ամենակենսունակ ռեսուրսին՝ ուժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել