Արդեն երկրորդ տարին է, ինչ ուսուցիչների առաջ նոր խնդիր է դրված` այսպես կոչված էլեկտրոնային մատյաններ: Գեղեցիկ է հնչում. չէ՞ որ 21-րդ դարն է` տեխնոլոգիաների դարը: Գաղտնիք չէ, որ մեր կրթության ոլորտը դարձված է մի մեծ  լաբորատորիա, որտեղ կատարվում են զանազան փորձեր` առանց նախապես մտածելու դրանց հետևանքների մասին… Ահա այսպես, տարիներ առաջ մեզ պարտադրեցին Բոլոնյան համակարգը` իր խաչուփաչային տրամաբանությամբ, որտեղ աշակերտը գնահատվում է ոչ թե ունեցած գիտելիքների, այլ  դրած խաչուկ-թռչնակների հաշվարկով, որը շատ հաճախ կարող է հիմնված լինել պատահականության վրա: Այսպես պատահականորեն էլ աշակերտները ավարտում են դպրոցը, վարժեցված խաչ-փաչերով ընդունվում ԲՈՒՀ-եր և դառնում վարժեցված մասնագետներ…

Ինչևէ..  վերադառնանք էլեկտրոնային մատյաններին: Ինչ խոսք, հրաշալի գաղափար է. հարթակ, որտեղից յուրաքանչյուր ծնող կարող է տեղեկանալ իր երեխայի գնահատականների և ընդհանուր առաջադիմության մասին: Անտեսենք այն փաստը, որ dasaran.am կայքը գրեթե ռուսական օդնոկլասսնիկին է, որտեղ ամեն երեխա կարող է ունենալ մեկից ավելի պրոֆիլներ, գրել լատինատառ և այլն: Խոսենք էլ. մատյանների տեխնիկական կողմի մասին: Օրեր առաջ դպրոցները նկատողությունների մի մեծ ցուցակ են ստացել այն ուսուցիչների անուններով, ովքեր ուշացրել են գնահատականների անցկացումը  էլ. մատյաններ: Տեղին կհամարեի նկատողությունը` եթե նրանք, ովքեր պահանջում են, նույնպես իրենց գործը կատարեին առանց թերացումների: Մինչդեռ dasaran.am կայքը լի է թերություններով: Առաջին հերթին խոսքը վերաբերվում է կայքի չափազանց դանդաղ աշխատելուն, հաճախ էլ, ինչպես այս պահին, բացարձակորեն չաշխատելուն: Արդեն մոտ մեկ ժամ է, փորձում եմ գնահատականներ անցկացնել մատյան, կայքն անհասանելի է… մինչդեռ, եթե փորձեմ գնահատականներն անցկացնել 24:00-ից հետո` թվանշանների գույնը ավտոմատ կերպով կփոխվի. չէ՞ որ թերացել եմ իմ աշխատանքում, գնահատականները մեկ օր ուշ եմ տեղադրել. ո՞ւմ մեղքով` անհայտ է…

Անտեսենք նաև  այն փաստը, որ այժմ ուսուցիչները ստիպված են երեք տարբեր մատյաններ վարել. դասամատյան, էլ. մատյան և իհարկե անձնական մատյան, որտեղ դասամատյաններից արտագրվում են գնահատականները, որպեսզի հետո էլ դրանք արտատպվեն էլ. մատյաններում: Հարց է ծագում, թե ո՞րն է դասամատյանները պահպանելու իմաստը, եթե կա դրա առավել զարգացած`էլեկտրոնային տարբերակը: Բնականաբար սրա մասին չեն մտածել լաբորատոր փորձարկումներ կատարողները, այլապես ամեն դասարանի համար մեկական պլանշետ կհատկացնեին, որտեղ հենց դասի ընթացքում կանցկացվեին գնահատականները. այսինքն դա կծառայեր որպես սովորական դասամատյան` էլեկտրոնային տարբերակով: Բնական է, մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ. չէ՞ որ զարգացող երկիր ենք: Մենք միայն կարող ենք զարգացած  երկրներից վերցնել ձևը, բովանդակությունը կարևոր չէ: Կարևոր չէ, որ զարգացած երկրները այդ համակարգով աշխատելուց առաջ նախապես ապահովել են դասասենյակները բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Չեմ հասկանում նաև աշակերտների` օրագրեր պարտադրելու նպատակը. չէ՞ որ ինչին որ ծառայում էր օրագիրը, այժմ ծառայում է էլեկտրոնային մատյանը:

Թեման անսպառ է և բազմաշերտ, տարբեր ասպեկտներով վերլուծության ենթակա, ուստի մեկ գրառումով չափազանց ծավալուն կստացվեր: Dasaran.am կայքի, էլեկտրոնային մատյանների մյուս առավելություններն ու թերությունները կքննարկեմ հաջորդ գրառումներում:

Այն ուսուցիչներն ու ծնողները, ովքեր ունեն ասվածին լրացում կամ առարկություն, խնդրում եմ իրենց կարծքիները հայտնեն մեկնաբանություններում: Նախապես շնորհակալություն :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել