Քիչ առաջ տեղեկացա, որ համացանցում հայտնվել է իմ կողմից ԿԳ նախարարին մեկ ամիս առաջ ուղարկված և երեկ հրապարակված նամակի պատասխանը նոյեմբերի 4-ի ամսաթվով` նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի կողմից, սակայն դրա վերաբերյալ ունեմ մի քանի նկատառում.
1. Ո՞րն է խնդիրը, որ նոյեմբերի 4-ից մինչ օրս այդ պատասխանը մենք չենք ստացել։ Արդյո՞ք նամակը ուղարկվել է փոստով, թե պարզապես հրապարակվել է նախարարության կայքում։ Իհարկե չեմ բացառում նաև, որ նամակի պատասխանը հետին ամսաթվով հայտնվել է այսօր, երբ այլևս անհնար էր հրապարակված նամակն անպատասխան թողնելը։ Ընդ որում՝ նախարարը հարկ է համարում ՀՀԿ-ական պատգամավորի նախաձեռնությանը իր ֆեյսբուքյան էջում հաջորդ օրն իսկ անդրադառնալ, շնորհակալություն հայտնել, սակայն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի առաջարկի մասին նույնիսկ բառ անգամ չի նշվում։
2. Եթե նախարարությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերին, ստացվում է, որ ԲՈւՀ-երի ռեկտորները որևէ կաշկանդվածություն պետք է չունենային ու պատասխանեին իրենց ուղարկված նամակներին՝ աջակցելով ծրագրի իրականացմանը, սակայն նրանցից ևս մինչ օրս պատասխան չկա, հետևաբար նրանք նույնպես տեղյակ չեն եղել նախարարության հրապարակած պատասխանի մասին։
3. Աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը իր պատասխանում նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նշված ուղղությունների շրջանակներում, եթե ստանա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինների կողմից գրավոր առաջարկ։ Եվ սա այն դեպքում, երբ իմ նամակը հանդիսանում էր հենց այդ գրավոր առաջարկը։
Հ.Գ. Եթե նախարարությունը պատրաստակամ է, ապա մենք ավելի վաղ էինք հայտնել մեր պատրաստակամության մասին և ակնկալում ենք առարկայական քայլեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել