ԱՄՆ-ն Բժեզինսկու հեղինակած շախմատային էտյուդը կովկասյան խաղատախտակի վրա սկսում է թուրքական գամբիտով: Այն շատ հաճախ եղել է խաղատախտակի «ձին», որի շնորհիվ ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ կիրառել է «քայլ ձիով» հայտնի, բայց անկանխատեսելի հնարքը: Հիմա Սպիտակ տան գեոստրատեգները մշակում են կովկասյան աշխարհաքաղաքականության նոր մոդել, որը միտված է Ռուսաստանի ամրացող դիրքերի թուլացմանը:
Այն իրենից ներկայացնում է անվտանգության մի հայեցակարգ, որը կառուցվածքային առումով պետք է ընդհանրական շատ գծեր ունենա Արևմուտքի հետ, իսկ արժեքային առումով պետք է լինի տիպիկ արևմտյան և դրա հետ խիստ ասոցատիվ: Դրա կիրառման լավագույն ձևը հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա կոնֆլիկտային վիճակի փոփոխությունն է, որը պետք է դուրս գա արժեքային մակարդակից և չընկալվի որպես «խաղ զրոյական գումարով»:

Թուրքիան, իբրև Ադրբեջանի դաշնակից, կարող է նրա վրա ազդեցություն ունենալ և զսպել վերջինիս թե՛ ռազմական ախորժակը (թերևս դժվար է գնահատել, թե որքան է Բաքվի պատերազմ սկսելու ախորժակը կամ, նույնիսկ, ունի՞ նման ախորժակ), թե՛ խանդը հայ թուրքական սահմանի բացման պարագայում: Եվ հիմա բավական բուռն գործընթացներ են հաջորդում միմյանց. նախ Անկարա է այցելում Ալիևը, ապա հանդիպում են ՀՀ ու ԱՀ նախագահները, դրանից մեկ օր առաջ հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը, որի ընթացքում Քերին ընդգծում է Թուրքիայի կարևորությունը ղարաբաղյան հարցի կարգավորման առումով:
Ալիևի՝ Անկարա այցի ժամանակ էլ նրա թուրք գործընկերները փաստեցին, որ Թուրքիան դեմ չէ Հայաստանի հետ սահմանի բացմանը: Այսինքն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն փորձում են Թուրքիային ներքաշել հարավկովկասյան աշխարհաքաղաքական հարցերի մեջ, ումից շատ բան է կախված տարածաշրջանային անվտանգության, կայունության, հետևաբար նաև ողջ քաղաքական ուղղության առումով: Թուրքիան Հայաստանի համար չպետք է դառնա, կամ գոնե ընկալվի որպես անվտանգության սպառնալիք, Հայաստանը պետք է վստահություն ունենա, որ Արևմուտքի հետ իր անվտանգությունը երաշխավորված է, դրա համար էլ կազմակերպվեց Ալիևի հետ հանդիպումը, իբրև թե բանակցությունը դեռ շարունակվում է, իսկ Թուրքիան էլ վերստին խոսեց հարաբերությունների կարգավորման օգտին: Այսպիսով, ԱՄՆ-ի համար նպաստավոր հանգամանքներ են ձևավորվել տարածաշրջանային քաղաքականության երկու մակարդակում, որոնք վերջինս փորձում է ձեռքից բաց չթողնել.
1.Ռեգիոնալ գերտերությունների մակարդակում Իրանը հայտնվել է աուտսայդերի դերում՝ կապված իր միջուկային ծրագրերի և այդ հարցերով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ, որը թոոյլ չի տա Իրանին, առանց այն էլ նման գերզգայուն վիճակով, հատկապես, երբ առկա է շատ փխրուն փոխհամաձայնության մթնոլորտ, գնալ Թուրքիայի հետ առճակատման տարածաշրջանային հարցերում: Ուստի Թուրքիան ստանում է անկաշկանդ գործելու հնարավորություն:
2.Ռեգիոնալ մասնակիցների մակարդակում (հարավկովկասյան երեք հանրապետությունները) Հայաստանը նույնպես դժվար կացության մեջ է ՄՄ-ին անդամակցելու առումով. Բելառուսի և Ղազախստանի ոչ բարյացակամ վերաբերմունքի և դրան լիարժեք ինտեգրվելու տնտեսական և կառուցվածքային առումով:
Իսկ թե ինչ արդյունք կտա հանգամանքների այս շարքն ու դրանց օգտագործումը վաշինգտոնյան եղանակներով, ցույց կտա Ռուսաստանը: Պետք է հետևել մոսկովյան արձագանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել