Sgalu masin

 Եկեղեցական կանոնն արգելում է մահացածի համար տևական սուգ անելը: Եթե մեռածի հարազատները շարունակում են երկար ժամանակ ողբալ ննջեցյալի վրա, ապա, ըստ եկեղեցական կանոնի, այդ մարդիկ զրկվում են եկեղեցում Հաղորդություն ստանալուց, և հոգևորականն իրավունք չունի նրանց խնդրանքով այդ ննջեցյալի համար հոգեհանգստյան արարողություն կատարել: Սակայն քահանան պարտավոր է իր նախաձեռնությամբ հիշել ննջեցյալին մեռելոցի օրերին` հոգեհանգստյան արարողությունը կատարելու ժամանակ: Նման մի կանոն կա մեկ այլ պարագայի համար: Երբ մահացող մարդը պատվիրում է իր հարազատներին ողբալ իր մահը արցունքերով, լաց ու կոծով, և երբ հետո հարազատները չեն հետևում մահացածի այս ցանկությանը, որ հատուկ է հեթանոսներին կամ անհավատներին, մահացածի հարազատներն ու մերձավորները չեն զրկվում Հաղորդությունից, սակայն քահանան իրավունք չունի որևէ արարողություն կատարելու այդ ննջեցյալի առնչությամբ:

 Երբ մեր վիշտը սահմաններ չունի, դա նշանակում է, որ մերժում ենք Քրիստոսի Հարությունը, հարության հույսը բոլոր մահացածների, հոգու անմահությունը և հույսը հանդերձյալ կյանքի:

Հին Կտակարանում օրենքներ կային, որոնք արգելում էին նույնիսկ դիպչելը դիակին, որովհետև դիպչելու դեպքում մարդն անմաքուր էր համարվում (Թվեր 6.6-7, 19.11-13): Մաքրվելու համար նա պետք է իրեն լվար հատուկ ջրով, որ հրեաների կողմից գործածվում էր մաքրման կրոնական արարողությունների համար: Եվ գուցե սրա հիշատակումով է հայերիս մոտ տարածվել նման մի սովորություն: Երբ թաղման օրը կամ դրան անմիջապես հաջորդող օրերին վերադառնում են գերեզմանոցից, ձեռքները լվանում են տան մուտքի առջև: Հավանաբար սա նշանակում է նաև վիշտը տանից դուրս թողնելը և քրիստոնեական չափավորությունը սգի և տխրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել