Hartak.am-ը գրում է.

Միգուցե ստորև իմ ասածը որակավորվի որպես դիլետանտություն, բայց լռել ես չեմ կարող: Ի՞նչ աճի մասին կարելի է խոսել, երբ հանրապետության տարբեր քաղաքներով և գյուղերով շրջելով հանդիպում ես հիրավի սոված երեխաների: Հավատացեք. սա չափազանցություն չէ: Այսօր բազում ընտանիքներ կան, որոնք լավագույն դեպքում օրեկան մեկ անգամ են հաց ուտում և երբ նայում ես այդ ընտանիքներում ապրող երեխաների դեմքերին, հասկանում ես, որ նրանք վատ սնվելու հետևանքով առողջական լուրջ խնդիրներ ունեն: Շատերը կարող են ասել` դե սովը դա համեմատական կատեգորիա է, որոշ պաշտոնյաներ էլ կարող են ցինիկաբար նկատել, որ եթե երեխան ամիսներով միս չի ուտում, դա չի նշանակում, որ նա սոված է`կշտանալ կարելի է նույնիսկ, եթե միայն հաց ես ուտում: Դե արի բացատրի նմանատիպ մտածելակերպ ունեցողներին, որ երեխաները մինչև 14-15 տարեկանը լրանալը «ֆիզիոլոգիական աճի ինկուբացիոն ռեժիմի» մեջ են գտնվում նրանք պետք է նորմալ սնվեն, որպեսզի իրենց մոտ ֆիզիոլոգիական զարգացումը թերի չլինի: Դե արի բացատրի, որ միայն հացով կամ կարտոֆիլով երեխան չի կարող նորմալ զարգանալ: Նայեք` ինչ հակասությունների հակասությանն ենք հանդիպում`մի կողմից խոսում ենք Հայաստանում առկա սովի մասին, մյուս կողմից տնտեսական աճի մասին: Սա աբսուրդների աբսուրդն է: Ես չգիտեմ, թե ինչ կրիտերիաներով են հաշվում տնտեսագետները, բայց ժողովրդական լեզվով ասած` մենք պետք է լրջորեն չվերաբերվենք տնտեսական աճի մասին պարբերաբար հնչող տեղեկություններին, քանի դեռ մեր հայ երեխաներից ոմանք կիսասով վիճակում են: Ես գիտակցում եմ, որ հիմա որոշ տնտեսագետներ կասեն` մի կապեք այդ երևույթը աճի հետ, չէ՞ որ տնտեսական աճն իր արտացոլումն է գտնում ոչ միայն սոցիալականի բարելավման ուղղությամբ, այլ նաև բազմաթիվ այլ ուղղություններում, որոնք հիմնականում այդքան տեսանելի չեն: Իհարկե կարող են ասել, թող ներեն ինձ իմ ընթերցողները, բայց ես հավատացած եմ` շատերը «թքած ունեն» այնպիսի աճի վրա,  որի ժամանակ քո ազգի ապագա սերունդը չի կարողանում գոնե նորմալ սնվել:

Հ.Գ. Միգուցե այդ միստիկ աճը այլ պահանջներ է բավարարում…

Կարեն Թումանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել