Դեռևս նախորդ դարի երեսունականներից Երևանում առավել մեծ տարածում գտավ այնպիսի հուշարձանների կառուցումը, որոնց նմանը հնարավոր չէր հանդիպել ԽՍՀՄ շատ հանրապետություններում, իսկ արդեն տարիներ անց Երևանը դարձավ նման հուշարձան-կոթողների մայրաքաղաք:

Ցայտաղբյուրները ոչ միայն ամռան տապին անցորդների ծարավը հագեցնելու համար սառնորակ ջրի աղբյուր են, այլև այսօր համարվում են Երևանի յուրահատուկ խորհրդանիշներից մեկը:
Զբոսաշրջիկների անթաքույց զարմանքը հատկապես նկատելի է այն դեպքում, երբ առաջին անգամ են այցելում Հայաստան և պարզում, որ լեռների մեջ կորած այս երկրի մայրաքաղաքի յուրաքանչյուր փողոցում ու բակում կարելի է հագեցնել ծարավը` որևէ գումար չվճարելով:
Երևանի բնակչուհի Լիլիթը, ով արդեն երկար տարիներ հատուկ ուշադրությամբ է հետևում իրենց փողոցում գտնվող ցայտաղբյուրներին, մեզ հետ զրույցում նշեց, որ դրանք նաև հուշակոթողներ են, քանի որ շատերը կառուցվել են ի պատիվ այն մարդկանց, ովքեր երիտասարդ տարիքում են մահացել:
«Վերջին տարիներին սակայն կարելի է նկատել, որ կառուցվում են ոչ միայն հիշատակի համար, այլև որպես կոթող», - նշում է Լիլիթն ու ցավով ավելացնում, որ նորակառույց թաղամասերում ինքը չի նկատել ցայտաղբյուրներ:
«Օրինակ Հյուսիսային պողոտայում չկա և ոչ մեկը»: Ցայտաղբյուրները ոչ միայն Երևանի, այլև մշակութային կոթողներ են ողջ Հայաստանի համար: 
«Օրինակ Գյումրիում, վերջին տարիներին կառուցված ցայտաղբյուրները հիմնականում մարմարից են: Այդպես ջուրն առավել սառն է մնում»,- հավելում է զրուցակիցը: 
Լիլիթի կարծիքով ցայտաղբյուրների մշակույթը տիպիկ հայկական է, քանի որ այլ երկրներում ցայտաղբյուրներ կարելի հանդիպել հիմնականում հայկական թաղամասերում: 
Նշենք, որ ըստ «Երևան ջուր» ընկերության, Երևանում կա ավելի քան 1500 ցայտաղբյուր, որոնցից հաշվառված են և պատմամշակութային արժեք են ներկայացնում 500-ը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել