Երեկ հեռուստաալիքներից մեկով ցույց էին տալիս «Լեքսուս»-ի սրահ բացելու պատվավոր արարողությունը: Չգիտեմ՝ Լեքսուսին էին պատվելու եկել, թե գնացել էին պատիվ ստանալու նաև երկրիս վարչապետն ու կարգ մը պաշտոնյաներ: 

Լրագրողն իր խոսքում նշեց, որ եթե «Տոյոտա»-յի սրահ կա աշխարհի հարյուր չգիտեմ քանի երկրում, ապա «Լեքսուս»-ի՝ ընդամենը յոթանասուն, և չգիտեմ ինչքան վաճառք պետք է ունենաս տարեկան, որ կարողանաս քո երկրում ունենալ նման սրահ: 

-Խայտառակություն,-մտածեց Շտիռլիցը՝ իրար հետ համեմատելով աղքատության ցուցանիշն ու տարեկան չգիտեմ ինչքան «Լեքսուս»-ի վաճառքը:

-Սա պատիվ է նաև մեր երկրի համար,-հայտարարեց «Լեքսուս»-ի հայաստանյան ներկայացուցիչը՝ երկրին ու նրա պատվին նայելով բոլորովին այլ բարձունքի տեսանկյունից:

Երկիրս էլ երկու կես եղավ մեջտեղից՝ մեկը պաշտոնական մասի բաժանվեց, որ գնացել էր էդ պատվի շվաքի տակ կանգնելու, ու անիմաստ նպաստառուների, որոնք դավադրաբար խժռում են պետբյուջեի վերջին 18.000 դրամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել