Տիգրան Սարգսյանը մի քանի օր առաջ Ռուսաստանին փորձեց հասկացնել, որ Հայաստանը կարող է Մոսկվային էլ անակնկալի բերել՝ հայտարարելով, թե Մաքսային միության սակագները բարձր են և լրջագույն խնդիրների կարող են բախվել: Մոսկվայում, իհարկե, որքան էլ վստահ լինեն Երևանի անուրանալի նվիրվածությանը, այնուամենայնիվ, չէին կարող որոշակի զգուշություն չցուցաբերել ասվածի նկատմամբ: Քանի դեռ կա Վիլնյուսյան գագաթնաժողովի՝ Ռուսաստանի համար «դամոկլյան սուրը», ապա Կրեմլի ղեկավարությունը, ունենալով լուրջ աշխարհաքաղաքական նկրտումներ, դժվար թե աչքաթող անեն ՌԴ-ի համար գեոստրատեգիական նշանակություն ունեցող տարածքները, այնտեղ տեղի ունեցող գործընթացները, սոցիալ-քաղաքական տրամադրությունների փոփոխությունը և այն ամենը, ինչը կարող է դույզն-ինչ ազդել արտաքին քաղաքական կողմնորոշման վրա: Դժվար թե կարելի է կարծել, որ Հայաստանը կարող է այս անգամ էլ ռադիկալ որոշում կայացնել հօգուտ ԵՄ-ի, և դա հասկանում են նաև ռուսները: Այդ դեպքում Հայաստանը ոչ միայն կենթարկվի ահեղ ճնշումների, այլև ԵՄ-ում էլ լուրջ չի ընկալվի, դրա գինը կարող է շատ ծանր լինել: Սակայն, մեր երկիրը Վիլնյուսում կարող է ձեռք բերել այլ բնույթի համաձայնություններ, որոնք հետագայում կարող են խոչընդոտել մաքսայնացման գործընթացին: Ուստի մեր հյուսիսային դաշնակիցը ջանալու է մինչև նոյեմբերի 28-ը մեզ հեռու պահել եվրոպական «համերգների» գայթակղությունից, և ցանկացած նման գայթակղության նկատմամբ ցուցաբերել թե ռեակտիվ, թե պրոակտիվ մոտեցում՝ կախված անհրաժեշտությունից: Այդպիսի, ինչպես ընդունված է ասել դիվանագիտության մեջ, պրևենտիվ քայլերից է «դեսպան» ուղարկելը, ով իր կերպարով կարող է լուծել կոնկրետ իրավիճակային հարցեր: Եվ ահա, մամուլում լուրեր պտտվեցին, որ Հայաստանում էր ժամանել Վլադիմիր Ժիրինովսկին՝ նույն ինքը՝ Ժիրիկը: Իսկ Ժիրիկն արդեն նշանակում է, որ նրա ասածներից չպետք է նեղանալ, բայց խորհուրդ չի տրվում նաև անլուրջ վերաբերվել: Այս մարդու լեզվի տակ ոսկոր չկա, նա կարող է ասել ամեն ինչ. դրա համար ոչ ոք պատասխանատու չէ, բայց նա նաև Ռուսաստանում կայուն էլեկտորատ ունեցող քաղաքական ուժի նախագահն է, ով ունի 56 տեղ Պետդումայում, լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ և ով հայտնի է որպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական օրակարգ ձևավորող ֆիգուր. այլ կերպ ասած՝ «խոսում է Մոսկվան»: Նա ռուսական աշխարհաքաղաքական մտքի ներկայացուցիչներից է, ում հայացքները նույնիսկ դասագրքերում են ներառված: Այս մարդու գաղափարները շարադրված են «ՌԴ ազգային անվտանգության հայեցակարգ» աշխատությունում, որտեղ նա հատուկ ուշադրություն է դարձնում, այսպես կոչված, «մերձավոր արտասահմանին»՝ մոսկովյան տերմինաբանությամբ՝ հետխորհրդային հարազատ տարածությանը: Եվ ով ավելի լավ, քան Ժիրիկը կարող է համոզել հայերին հնարավորինս հետ մնալ ԵՄ-ի հետ հարաբերություններից՝ իր հայտնի հայասիրական արտահայտչամիջոցներով: Սրանով, իհարկե, լուծվում է նաև Պուտինի հնարավոր այցի՝ Մոսկվայի համար անհրաժեշտ դիրքավորման հարցը: Հավելենք նաև, որ վերջին շրջանում Հայաստանի ու Մաքսայինի հարցերում բավական ակտիվացած ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան (չնայած դեսպանի նախկինը չի լինում) Կովալենկոն ակնարկել է, որ Ղարաբաղը կարող է մտնել Մաքսային Միություն: Այսպիսով, այս երևույթները վկայում են մի բանի մասին, որ մեր հյուսիսային հարևանները որոշակի մտահոգության առիթ, այնուամենայնիվ, ունեցել են կամ ունեն: Ինչևէ, Վիլնյուսին դեռ ժամանակ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել