Ոստիկանները բերանը կարած հացադուլավորին ուժով հեռացրեցին նախագահականի մոտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Epress.am-ը գրում է.

Բաղրամյան մետրոյի մոտ՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապ օգնության մեքենան: Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, իր խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն:

Ոստիկանների գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել իր 8-ամյա աղջիկը, ով սկսել է լացել: Հավաքված մարդիկ փորձել են հարցեր ուղղել ոստիկաններին, նախատել նրանց, անպատվել, սակայն վերջիններս անդրդվելի են եղել:

Epress.am-ի թղթակիցը վերջին պահին հասցրել է նկարահանել Խուդոյանին տարածքից հեռացնելու պահը: Շտապ օգնության մեքենայի հեռանալուց հետո ոստիկանները նույնպես արագ հեռացել են: Այնուամենայնիվ, նրանցից մեկը, ով չի ներկայացել, Epress.am-ի հարցին, թե ինչու են ակցիա անող տղամարդուն հեռացրել, ասել է, որ «վնասվածք ուներ, ուզում էին զննեն, ինքը չէր ուզում, իրա պռոշները ուռել են, դրա համար տարան»:

Հավաքված մարդիկ դեռ երկար շարունակել են ամոթանք տալ ոստիկաններին՝ որակելով տեղի ունեցածը որպես «ֆաշիզմ», «37 թիվ», ասելով, որ դա «էրեխու աչքի առաջ անելու բան չէր»:

Ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը Epress.am-ի հարցին ի պատասխան նշել է, որ դեռ տեղյակ չեն՝ ուր են տարել Խուդոյանին, ու խնդրել է կես ժամից զանգահարել: Քիչ անց մեզ հաջողվեց կապ հաստատել Աշոտ Խուդոյանի հետ, ով ասաց, որ իրեն տարել են Էջմիածնի հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել