Երբեմն խորանալով որևէ բառի ծագման և նախնական իմաստի մեջ, երևույթներն ավելի հասկանալի են դառնում: Ժամանակի ընթացքում մեկ բառի իմաստի փոփոխությունը կարող է ցուցադրել հարաբերությունների և արժեքների փոփոխությունները: Օրինակ, «իդյոտ»` «ապուշ» բառի իմաստային տրանսֆորմացիան և դրա ներկայիս Հայաստանում կրած ճիշտ հակառակ իմաստը ցույց է տալիս հանրային հարաբերությունների տրամաբանությունը:
Հին Հունաստանում իդյոտ «ἰδιώτης» բառացի նշանակում է «մասնավոր անձ»: Պոլիսներում հին հույնը պետք է ապրեր հանրային կյանքով, մասնակցել յուրաքանչյուր քաղաքի և գյուղի կենտրոնական հրապարակամ տեղի ունեցող հանրային քննարկումներին: Այն մարդկանց, ովքեր չէին մասնակցում հանրային կյանքին, անվանում էին իդյոտներ` այսինքն մեկուսացած, միայն մասնավոր կյանքով ապրող մարդիկ: 
Ներկայիս Հայաստանում այդ բառը ճիշտ հակառակ իմաստն է ձեռք բերում: Իդյոտն այն մարդն է, ով փորձում է հանրային կյանքով ապրել, դուրս է գալիս փողոց և պահանջներ ներկայացնում, նստացույց անում, հացադուլ անում և այլն: Դրանք լուզերներն են կամ աբիժնիկները, որոնք չեն կարողանում «արժանապատիվ» կերպով իրենց մասնավոր կյանքով ապրել: Մասնավոր կյանքով ապրելը, հասնել որոշակի «մասնավոր» հաջողությունների ու բարեկեցիկ կյանքի, համարվում է լինել լիարժեք, հարգված մարդ: Անգամ խորհրդարանը, որը հենց հանրային, հրապարակային գործունեության վայր է, նույնպես վերածվել է «մասնավոր» խնդիրների լուծման, հանրությունից մեկուսացված վայրի: 
Իդյոտի և իդյատիզմի նախնական և արդի հայկական իմաստները ճիշտ հակառակն են նշանակում: Հակառակն են նաև արդյունքները: Եթե Հին Հունաստանը ժամանակակից քաղաքակրթության հիմքն է, ապա արդի Հայաստանում արժեքների դեգրադացիան արդեն ծայրահեղ դրևորումներ է ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել