Վաղուց չէի եղել կերպարվեստի թանգարանում: Շատ կոնկրետ բաներից էի հիասթափված` մի տեսակ չէր ձգում:
Էսօր գեղանկարիչ Վանիկ Մանուկյանի աշխատանքների ցուցահանդեսն էր: Ցավոք` հետմահու:
Գնացի: Ու չեմ փոշմանել:
Միասին աշխատել ենք կարճ ժամանակ: Ես  երկրորդ էդպիսի մեկին չգիտեմ, որ ամեն աշակերտի համար էդպես տառապեր: Մի ուրիշ նվիրումով: Մի ուրիշ ջերմախառը խստությամբ....Իսկական մանկավարժ էր:
Չոր բաներ շատ ուներ...Կտրուկ, երբեմն կոպիտ, բայց շիտակ ու բարի:
Նկարիչները ջրիկ են լինում չէ՞...մի քիչ...
Իրա մոտ չկար էդ ջրիկությունը, կնամոլությունը:
Նկարներից շատ քիչ գործեր էի տեսել:
Ցուցահանդեսը ապշեցուցիչ էր: Համենայնդեպս ես պապանձվել էի:
Սպասում էի, որ կտեսնեմ մեծ վրձնահարվածներով կտավներ: Էն որ մաստեխինով, երբեմն էլ մատով` ջղային-ջղային մի շնչով նկարում են է՞... Իր էությանը համապատասխան...
Բայց լրիվ ուրիշ  պատկեր տեսա:
Էդ խիստ, մի քիչ չոր թվացող մարդը, թե ինչ նուրբ գործեր ուներ...
Ամեն մեկը մի մեղեդի...
Կտավներից մեղմություն ու քնքշություն էր թափվում...
Անսպասելիությունից շվարել էի:
Մոտ օրերս նորից եմ գնալու, որ մարդ չլինի ու հանգիստ նայեմ: Ոնց որ կանչում են որոշ կտավներ:
Ափսոս, կարգին չեմ կարողանում նկարագրել զգացածս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել