1in.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան 10:24-ից Երևանում և որոշ մարզերում անջատվել է էլեկտրամատակարարումը: Այժմ վերականգնվել է հանրապետության էներգասպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին Էներգետիկայի նախարարությունից: 10:24-ին Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել էր Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, որի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ից դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան և պլանային նորոգման ու անվտանգության միջոցառումների ներդրման համար: Այս աշխատանքները տևելու են 54 օր, այս օրերին Իրանից Հայաստան է ներկրվում 190 մեգավատտ էլեկտրաէներգիա: 

Հանրապետության էներգահամակարգի մեկուսացման արդյունքում համակարգի հաճախականությունը իջել է մինչև 45 հերց, որի պատճառով տեղի է ունեցել հոսանքազրկում:

Ժամը 10:26-ին վերականգնվել է Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը, իսկ ժամը 11:30-ին վերականգնվել է հանրապետության էներգասպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը: Միաժամանակ ընթանում է մասնագիտական քննություն՝ պարզելու ինչից է առաջացել մեկուսացումը՝ հետագայում նույնպիսի խնդիրը կանխելու համար:

Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այս պահին տեխնիկական աշխատանքներ են ընթանում հանրապետության մյուս 30 տոկոսի էներգամատակարարումը վերականգնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել