Ջոկովիչին թույլ կտան մասնակցել US Open-2023-ին. Sky Sports


00:29 , 31 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է.

«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն և աշխարհի նախկին առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 2023 թվականին կկարողանա մասնակցել US Open-ին, քանի որ ԱՄՆ Սենատը քվեարկել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները չեղարկելու օգտին։

Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ մարտի 29-ին ԱՄՆ Սենատն ընդունել է օրինագիծ, որը վերացնում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի սահմանափակումներւ։ Փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը, ինչպես սպասվում է, կստորագրի այն։ Բայդենն ավելի վաղ խոստացել էր վետո չդնել։

Հիշեցնենք, որ չեղարկված մի շարք միջոցառումներ ներառում էին չպատվաստված ճանապարհորդների երկիր մուտք գործելու արգելք։ Ջոկովիչը բաց է թողել US Open-2022-ը, ինչպես նաև Ինդիան Ուելսում և Մայամիում անցկացվող խոշոր Masters մրցաշարերը՝ այս կանոնի պատճառով։