Թուրքիայում մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո իշխանականները գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամներին, որոնք տարբեր նահանգներում ղեկավար են դարձել, մեղադրում են բարեկամներին պաշտոններ շնորհելու մեջ:

Ըստ իշխանական թևի՝ նման կողմնակալ նշանակում տեղի է ունեցել Բուրսայի ԺՀԿ-ական քաղաքապետ Մուստաֆա Բոզբեյի կողմից:

Նա մասնավորապես Բուրսայի քաղաքապետարանին կից գործող «BURKENT» կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Է նշանակել իր եղբորորդի Ֆուրքան Բոզբեյին:

Սակայն հետագայում դրան հաջորդած խիստ քննադատությունները ստիպել էին Մուստաֆային հրաժարվել իր կայացրած որոշումից:

Թեմային անդրադարձել էր նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք հետևում ենք ընդդիմադիր ՏԻՄ-երում ընթացող ամուսնու, ընկերոջ և բարեկամի նշանակումներին»:

Թուրքիայի նախագահի նման հայտարարությանն էլ ի պատասխան սոցցացնում գրառում է արել թուրք լրագրող Մուրադ Աղըրելը:

«Պարոն նախագահն ասել է՝ հետևում ենք ամուսնու, ընկերոջ և բարեկամների նշանակումներին: Բացի այն բանից, որ իր փեսան և ընկերները նախարար ու բյուրոկրատ են, այլ խնդիր չկա:

Այստեսակ անարդար նշանակումներն անկախ կուսակցությունից պետք է անհապաղ չեղարկվեն:

Ինձ հետաքրքրում է, թե ինչպես օրինակ պարոն Թուրգութ Ալընթոքը (Անկարայի Քաչիօրեն շրջանի ԱԶԿ-ական ղեկավար) մեկ ամիս առաջ իր աղջկան նշանակեց արգործնախարարությունում՝ որպես նախարարի 1-ին աստիճանի կադրային խորհրդական»:

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել